«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում երեկ դատախազության իրականացրած ստուգումներից հետո հարուցվել է քրեական գործ պաշտոնատար անձանց կողմից լիազորությունները չարաշահելու վերաբերյալ, մինչև նախաքննության ավարտը ժամանակավորապես դադարեցվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ Ռուբիկ Ստեփանյանի լիազորությունները:
«Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների պահպանման վիճակը ստուգելու նպատակով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարված այցելության ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք առերևույթ պարունակում են տեղեկություններ հիմնարկի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մասին», - «Ազատության» հարցմանն ի պատասխան հայտնում է Գլխավոր դատախազությունը: Գործը քննում է Հատուկ քննչական ծառայությունը:
Երեկ երեկոյան մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կատարած գործողությունների արդյունքում խառնաշփոթ իրավիճակ է տիրում, ի նշան բողոքի՝ կալանավորները «բունտ» են արել, իսկ նրանց հարազատները օգնություն են խնդրում:
Անդրադառնալով հրապարակումներին՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը «Ազատությանը» տրամադրած պարզաբանման մեջ նշում է. - «Քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից հիմնարկի խցերից մեկում երեկ ժամը 16:10-ի սահմաններում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք առաջացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչին անմիջապես արձագանքել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը և միջադեպը հարթվել է»:
Քրեակատարողական վարչությունը, սակայն, չի անդրադարձել հրապարակված այն տեղեկություններին, որ երեկվա միջադեպը կապված է եղել հարազատներից կալանավորներին փոխանցվող սննդի բաշխման և այսպես կոչվող «զոն նայողների» ու կալանավայրի ղեկավարության համագործակցության հետ:
Հրապարակումների ահազանգով երեկ քրեակատարողական հիմնարկ էր այցելել կալանավայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը: Խմբի ղեկավար Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեղեկացրել են, որ խցերից մեկում խուզարկություն են իրականացրել Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչները:
«Խմբի անդամները զրուցել են այդ խցում գտնվող անձանց հետ, որոն նշել են, որ նման խուզարկություններ պարբերաբար են տեղի ունենում: Խումբը հիմա փորձում է հավելյալ տեղեկություններ հավաքել», - նշեց Ռուբեն Սարգսյանը:
«Նուբարաշենում» տիրող խառնաշփոթ իրավիճակի, ինչպես նաև դիմակավորված անձանց կողմից կալանավորների նկատմամբ իրականացված բռնությունների մասին իրավապաշտպանները բարձրաձայնել էին նաև ամիսներ առաջ, այն ժամանակ միայն ծառայողական քննություն նշանակվեց, որի արդյունքներով, ըստ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի՝ պարզվել է, որ որևէ բռնություն չի եղել:
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն առաջինն էր ամիսներ առաջ բարձրաձայնել, որ «Նուբարաշենում» կալանավորների նկատմամբ բռնություններ են տեղի ունենում: Նրա պնդմամբ՝ նախորդ միջադեպի մեղավորներին չպատժելն է կալանավայրում տիրող ներկա վիճակի պատճառը:
«Պատկերացրեք ինչ բռնի մթնոլորտ պետք է լինի, որ նրանք ներքնակներ այրեն և դռները փակեն, որպեսզի նրանք չներխուժեն: Եվ դա արձանագրել էր օմբուդսմենի գրասենյակը: Եվ երբ նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարում է, որ ոչ մի բռնի երևույթ տեղի չի ունեցել, նշանակում է, որ կոծկվում է այդ ամեն ինչը», - ասում է իրավապաշտպանը: