Արդեն մեկ շաբաթ է, ինչ Հալեպն անդադար հրթիռակոծվում է։ Տեղի «Գանձասար» թերթի թղթակից Զարմիկ Պողիկյանի հետ դժվարությամբ կապվեցինք․ հեռախոսն ու համացանցը գրեթե խափանված են։ Լրագրողի փոխանցմամբ, թիրախում համարյա բոլոր բնակելի շրջաններն են։
«Ապահով տեղ քաղաքում չկա: Մեկ շաբաթ է հասել անշուշտ, կշարունակվի նույն վիճակը», - ասում է «Գանձասար»-ի թղթակիցը, - «Լսեցի՞ք ձայնը, հիմա ճիշտ կողքիս թաղամասն ընկավ, ճիշտ կողքիս թաղամասը»:
Այս գիշեր տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով տասնյակ վիրավորներ կան։ Զոհվել են յոթը։ Երեկ ուշ երեկոյան վիրավորված հայազգի մոր ու դստեր կյանքին վտանգ չի սպառնում։
Երեկ տեղի է ունեցել ապրիլի 30-ին ծանր վիրավորված ու օրեր անց մահացած Անի Ավագյանի հուղարկավորությունը։ Նույն օրը հրթիռակոծության հետևանքով վիրավորվել էին Անդո Պահարյանն ու Հարութ Պազգալյանը, զոհվել էին Ջորջ Թաշճյանն ու Ավետիս Թորոսյանը։
«Սուլեյմանիեի մեջ որ հրթիռ մը ինկավ, երկու ինքնաշարժ այրեցավ, բանուկ հրապարակ մը է, մարդիկ խճողված, հրթիռ ինկավ և երկու ինքնաշարժ այրեցան, պայթեցան և այրեցան ինքնաշարժները և դիակներու բեկորները պիտի տեսնեք, մարմինը կա, գլուխը չկա, ինչպես նկարագրեմ, չեմ գիտեր», - պատմեց Զարմիկ Պողիկյանը։
Հայկական մյուս թաղամասերը նույնպես թիրախում են։ «Բերիո Նյուզ»-ի փոխանցմամբ՝ երկու օր առաջ զինյալ ահաբեկչական խմբավորումը հրթիռակոծել է Կյուլպենկյան հիվանդանոցի հանդիպակաց շենքը: Ուժգին պայթյունից ցնցվել է Նոր Գյուղի շրջանը: Պայթյունի հետևանքով վնասվել է նաև Հայ Ծերանոցը: Հալեպում այս օրերին ջրամատակարարումը վերականգնվել է, իսկ էլեկտրականություն, բնակիչների խոսքով, ունենում են օրական մեկ ժամ։
2012-ին Հայաստան տեղափոխված Սարգիս Բեքմեգջյանը այս օրերին փորձում է Հալեպում մնացած քրոջ ու մյուս հարազատների հետ կապ պահել, ասում է՝ բոլորն էլ ուզում են պատերազմական երկրից դուրս գալ, սակայն տարբեր պատճառներով չեն կարողանում։
«Հիմա էս 10 օրվա ընթացքում, որ շատ խառը վիճակ էր, արդեն մենք էստեղ շատ անհանգիստ վիճակի մեջ էինք։ Օրական-օրական արդեն զանգում էինք, որ տեղեկություններ վերցնենք։ Ոչ մի ձևով չենք կարում օգտակար լինենք իրանց, միայն որ կարանանք լավ լուրեր առնենք», - պատմում է Բեքմեգջյանը:
«Գանձասար» թերթի լրագրողի փոխանցմամբ էլ՝ խմբագրությունը վնասված շենքից տեղափոխվել է, սակայն այս պահին քաղաքում ոչ մի տեղ ապահով չէ։ Իշխանությունները պարբերաբար հայտարարությամբ են հանդես գալիս ու վստահեցնում, որ սիրիական բանակը պայքարում է ահաբեկիչների դեմ․ - «Բանակը պիտի խուժե և իբրև թե մաքրագործումներ ընե զինյալ ահաբեկիչներին, բայց տակավին, գետնի վրա ժողովրդին վիճակը վատ է»:
Միացյալ Նահանգները և Ռուսաստանը հայտարարել են Հալեպում կրակի դադարեցման հնարավորության մասին։ Ժնևում գտնվող ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին փորձում է ամրապնդել Սիրիայում ձեռք բերված հրադադարը, որի խախտումները երկրի որոշ հատվածներում շարունակվում են:
Սիրիայում այժմ բանակցություններ են ընթանում Հալեպի շրջանում հրադադարի ռեժիմի հաստատման շուրջ։