Մատչելիության հղումներ

Սահմանամերձ բնակավայրի գյուղապետ․ «Մեր գյուղացիք հերոս ժողովուրդ են»


Կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանի հուղարկավորությունը Զորական գյուղում: 2-ը ապրիլի, 2016 թ․
Կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանի հուղարկավորությունը Զորական գյուղում: 2-ը ապրիլի, 2016 թ․

Անցած շաբաթավերջին չեն դադարել կրակոցները հայ-ադրբեջանական պետական սահմանին:

Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանի փոխանցմամբ, գնդակոծությունից մի կերպ են փրկվել գյուղի անասնապահները․ - «Արոտավայրերը գյուղի մոտ կպած են, մենք միայն արոտավայր ունենք, մեկ էլ տնամերձ հողեր: Ուրիշ բան չունենք: Տանից դուրս ենք գալի, կրակում են: 4-5 հարյուր մետր է ուղիղ գծով, քարով խփում են, կկպչում ա մեր բնակիչի գլխին»:

Գյուղապետը վստահաբար պնդեց, որ արդեն սովորական դարձած կրակոցներից երբեք խուճապի չեն ենթարկվում, պատրաստ են պայքարելու և գիտեն՝ հանուն ինչի․ - «Մեր գյուղացիք հերոս ժողովուրդ են: Պահ է լինում, հարկ ա լինում, համապատասխան մարդկանց տարհանում են, մնացածը՝ 70 տոկոս ժողովուրդը մնում են տեղում»:

Հերոսաբար սահմանում կանգնած գյուղացու մասին խոսելիս Մադաթյանը հուզվեց․ - «Էս ժողովուրդը մեղք են: Դա չի նշանակում, որ հայրենասեր են, պտի կորչեն․․․ մի քիչ պտի․․․ Չեմ կարում, աչքերս լցվել ա, լացում եմ․․․»

Տավուշի մարզի մեկ այլ գյուղում՝ Զորականում այսօր սուգ էր։ 2 օր առաջ Թալիշում զոհված 19-ամյա զինծառայող Գարիկ Մովսիսյանի հուղարկավորությանը մասնակցում էին նրա բոլոր համագյուղացիները։

«Ուզեցել ա գնա օգնի, ինչ-որ մեկին օգնի, ու ինքն իրան ա տվել․․․», - փոխանցեց նրանցից մեկը:

Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հրամանով կրտսեր սերժանտ Գարիկ Մովսիսյանը հետմահու պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտական ծառայություն մեդալով։

Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքում է մեծացել Գարիկ Մովսիսյանը։ Զորականի գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանն «Ազատության» հետ զրույցում վստահեցրեց, թե զոհված զինվորի սոցիալապես անապահով վիճակում գտնվող ընտանիքին օգնելու խոստումներ արդեն ստացել են․ - «Ամեն հնարավոր բաները կանեն: Օրենքի սահմանում կանեն, սաղ էլ կօգնեն: Պարտավոր ենք»:

Զորականում հիմնականում ադրբեջանական Չարդախլու գյուղից բռնագաղթածներ են ապրում։ Գյուղապետ Սուրեն Մարտիրոսյանը, ով ևս փախստական է, ասում է, որ սոցիալական խնդիրները գնալով ավելի են խորանում։ Գյուղացիները հողագործությամբ ու անասնապահությամբ են զբաղվում, սակայն ուժասպառ հողն այլևս բերք չի տալիս։ Գյուղը խմելու ու ոռոգման ջրի խնդիր ունի։

Պատերազմի դժվարությունները սեփական մաշկի վրա զգացած զորականցիները, սակայն, միայն խաղաղություն են երազում․ - «Հիմի կռիվ ա․․․ Մինս էլ չի ուզի․․․ Խի թուրքը կուզի՞ իրա րեխեն քինա զոհվի, նա էլ չի ուզի: Դա վերխիցն ա, դա ինչ որ կա Ալիևն ա անում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG