Մատչելիության հղումներ

Քննարկման կներկայացվի առաջնագծում կռվող զինծառայողներին արտոնություններ տրամադրելու հարցը


Պատգամավոր Թևան Պողոսյան, արխիվ
Պատգամավոր Թևան Պողոսյան, արխիվ

Պատգամավոր Թևան Պողոսյանը լրագրող Էդիկ Բաղդասարյանի առաջարկով պատրաստվում է Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել ապրիլի 2-ից ղարաբաղյան առաջնագծում կռվող զինծառայողներին արտոնություններ տրամադրելու հարցը։

«Օրինակ մի քանի առաջարկներ պարոն Բաղդասարյանը արեց, ասաց՝ վարկային ինչ-որ հնարավորությունների մեղմացման, կրթությունը անվճար դարձնելու, որոնք նայում ես՝ շատ ողջամիտ գաղափարներ են», - նշում է Պողոսյանը։

Պատգամավորն առաջարկում է ինչպես ապրիլյան քառօրյա լարման ժամանակ, այնպես էլ դրանից առաջ և հետո կյանքը վտանգած զինծառայողների զինգրքույկում հատուկ նշում ավելացնել և պարզաբանում է․ - «91-ից 94 թվականների պատերազմից հետո մենք ունեցել ենք մեծ շիլաշփոթ, երբ մարդիկ կային, որոնք պարզվում էր, որ ուրիշը կարող է իրենց թուղթ տրամադրել, որ ինքը նույնպես մարտական գործողությունների է մասնակցել, բայց հետո պարզվում էր, որ ինքը որևէ տեղ չի մասնակցել»։

Պատգամավորը շեշտում է՝ արտոնությունները պետք է լինեն իրատեսական ու միևնույն ժամանակ՝ բանակում ծառայողին կամ առաջնագծում կռվողին քաղաքացիական կյանք վերադառնալուց հետո արժանապատիվ կյանքի երաշխիք տան․ - «Իսկապես մարդիկ ապահով են լինելու, որ եթե հանկարծ այնպես է լինելու, որ ես կլինեմ վիրավոր կամ ինձ հետ հանկարծ մի բան կպատահի, միևնույն է՝ ապահովությունը կա, ամեն ինչ լավ է»։

Արտոնությունների համար անհրաժեշտ գումարներ հայթայթելու համար պատգամավորն առաջարկում է ստեղծել հատուկ հիմնադրամ՝ մասնավոր բարերարների և պետության գործակցությամբ:

Զինծառայողներին օգնության տրամադրմամբ զբաղվող, կամավոր Հայկուհի Մինասյանի կարծիքով ոլորտի գլխավոր խնդիրը օրենսդրական բացը չէ․ բուժման կարիք ունեցող զինվորին հաճախ ստիպում են փաստաթղթերի մի ամբողջ տրցակ հավաքել՝ անվճար բուժման իրավունքից օգտվելու համար։

«Ես առաջարկում եմ, որպեսզի մենք ստեղծենք մի կառույց, որը պիտի զբաղվի զինվորի բժշկի, զինվորի սոցապի, զինվորի հաշմանդամության բոլոր խնդիրներով, բոլոր խնդիրները ինքը պետք է վերցնի», - ասում է կամավորը:

Հայկուհի Մինասյանը Թևան Պողոսյանի հետ համամիտ է այն հարցում, որ զինվորներին հատկացվող օգնությունը համակարգման կարիք ունի։ Բարերարներ շատ կան, սակայն թե ում օգնեն և կոնկրետ ինչով՝ շատ հաճախ չեն կողմնորոշվում․ - «Մեր սկզբունքը եղավ հետևյալը, որ գումար տալով մարդուն դու աղքատացնում ես: Մենք սկսեցինք մտածել, թե որ ընտանիքը ինչ կարող է անել, որ զինվորը ինչով կցանկանա զբաղվել»:

Էկոնոմիկայի նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ այժմ զոհված զինծառայողների ընտանիքների կարիքների գնահատում է իրականացվում, որպեսզի պարզեն, թե ինչ օգնություն կարելի է նրանց տրամադրել:

Արտոնությունների սահմանման գաղափարը հղացած և հիմա Ղարաբաղում գտնվող լրագրող Էդիկ Բաղդասարյանի դիտարկմամբ, իր հետ զրուցած զինվորների զգալի մասը զորացրվելուց հետո պատրաստվում է գնալ Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի։ Նրա կարծիքով, արտոնությունների սահմանման ծրագիրը կկանխի նաև արտագաղթը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG