Մատչելիության հղումներ

ՀՀԿ խմբակցության անդամը դեմ է բուհական տարկետումը վերացնելուն


Մինչդեռ, ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչը ոչ միայն կողմ է կառավարության նախաձեռնությանը, այլև ուշացած է համարում այն:

Բուհական տարկետումը վերացնելու և 18 տարին լրացած արական սեռի բոլոր երիտասարդներին բանակ զորակոչելու՝ կառավարության նախաձեռնությունը քննադատության է արժանանում ոչ միայն հանրության ներկայացուցիչների, այլև անգամ իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամի կողմից:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Բադեյանը «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե այդ նախաձեռնության կենսագործումը բանակում էական փոփոխությունների չի բերի, ավելին՝ իր բացասական ազդեցությունը կթողնի կրթության և գիտության ոլորտների վրա։ ՀՀԿ անդամը ծիծաղելի է համարում գաղափարի հեղինակների այն փաստարկը, թե պատերազմող երկրին դա մեծ օգուտ կբերի։

«Պատերազմ առայժմ չկա։ Պատերազմը հատուկ դիրեկտիվներով կարելի է կարգավորել արդեն ընթացքում, ընդհուպ՝ մինչև 50 տարեկաններին բանակ տանելը, կանանց բանակ տանելը, դա ուրիշ խնդիր է։ Մենք ունենք, օրինակ, 75 տղամարդ ասպիրանտ, սրանց եթե տանենք բանակ, մեր ռազմական խնդիրները կլուծվե՞ն։ Դա ծիծաղելի է»,- ասում է Բադեյանը։

Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է վերացնել բուհական տարկետումը՝ բանակ զորակոչելով 18 տարին լրացած բոլոր տղաներին, այդ թվում նաև՝ գիտությամբ զբաղվող ասպիրանտներին: Խորհրդարանի ամբիոնից այս մասին հայտարարել էր Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը։

Նրա կուսակից Մանվել Բադեյանը հիշեցնում է մոտ 20 տարի առաջ նույն թեմայով խորհրդարանում տեղի ունեցած քննարկումները․ այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի նմանատիպ նախաձեռնությանը դեմ արտահայտվեց խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը։ «Հիշո՞ւմ եք Բաբկեն Արարքցյանի հրաժարականը, երբ խորհրդարանը փորձեց ընդունել այդ օրենքը։ Կարծում եմ, որ խոհեմ մարդիկ դրան դեմ են»,- շարունակում է ՀՀԿ խմբակցության պատգամավորը։ Բադեյանն ասում է՝ տեղյակ չէ, թե հարազատ կուսակցությունում ինչ են մտածում այս մասին, հետագա քննարկումներում էլ կպնդի իր տեսակետը։

Երկու տարի առաջ էլ նման նախաձեռնությամբ հանդես էր եկել ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցությունը։ Այն ժամանակ նախաձեռնության հեղինակներից պատգամավոր Թևան Պողոսյանը նույնիսկ ուշացած է համարում այս գաղափարի իրագործումը: «Մենք ուշացրել ենք: Եվ քանի որ ուշադրություն չենք դարձրել դրա վրա, շատ ու շատ խնդիրներ են ծագել՝ կապված կոռուպցիոն ռիսկերի և սոցիալական անարդարության հետ»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Նրա պնդմամբ, հիմա այդ նախաձեռնության իրականացման անհրաժեշտությունն ավելի սուր է՝ մի կողմից արտաքին մարտահրավերների, մյուս կողմից՝ ոլորտում կոռուպցիան նվազեցնելու առումով: Պողոսյանը հիշեցնում է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պարզաբանումը, կապված հանրությանը հուզող այն հարցի հետ, թե ինչու ապրիլյան բախումների ժամանակ զոհվեցին հատկապես անապահով ընտանիքների զավակները: Նախարարն այդ առնչությամբ, մասնավորապես, ասել էր՝ «Հիմնականում միջին և բարձր խավի ընտանիքների երեխաներն են, որ բուհ են ընդունվում և նրանց մեծ մասն էլ հետագայում լրացնում են սերժանտական կազմը կամ այս կամ այն մասնագիտությունները, որոնք առաջնահերթ նշանակություն ունեն Զինված ուժերում»:

Թևան Պողոսյանի գնահատմամբ, նախարարի ասածն օբյեկտիվ է, քանի որ ապահով ընտանիքների երեխաները «միշտ սովորում են», իսկ աղքատներինը՝ ոչ: «Եթե ուզում ենք սոցիալական արդարության կողմը գանք, եկեք գոնե կոռուպցիոն այդ ռիսկի սկիզբը փակենք առնվազն։ Ինչ-որ չափով նպաստենք սոցիալական արդարությանը»,- ասում է պատգամավորը։ Հակադարձելով այս գաղափարի քննադատներին՝ Պողոսյանը նշում է՝ գիտության զարգացման համար սրտացավ լինելու դեպքում այլ լուծումներ կարելի է գտնել: «Ես ուրախ կլինեմ, որ տեսնեմ ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ գիտությամբ մտահոգվածները քանի առաջարկ են արել գիտության ֆինանսավորման բարձրացման համար։ Ես ամեն տարի առաջարկում եմ բարձրացնել, ամեն տարի ստացել եմ մերժում»,- ասում է Թևան Պողոսյանը: Նրա տվյալներով, Հայաստանի բուհերում տարեկան տարկետման իրավունք է ստանում 1700 երիտասարդ, բայց հայտնի չէ, թե նրանցից քանիսն են հետագայում իսկապես նվիրվում գիտությանը։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը, համաձայնելով Թևան Պողոսյանի տեսակետին, կարծիք հայտնեց, որ պարտադիր զորակոչի դեպքում խտրականություն չպետք է լինի, «հատկապես հիմա, երբ երկիրը պատերազմական վիճակում է գտնվում»։ «Ոչ միայն կոռուպցիոն ռիսկերը բացահայտելու համար պետք է գնալ այդ քայլին, այլ այդ պատասխանատվությունը պետք է ընկնի հավասարաչափ բոլորի վրա»,- ասում է Բադալյանն ու շարունակում՝

«Պաշտոնյաների մեծ մասը ոնց են չէ՞ արդարանում, թե գնացել ենք, սովորել ենք, ասպիրանտ ենք դարձել, դրա համար չենք ծառայել բանակում։ Այս խնդիրն է: Ու նաև՝ հեչ պատրանք չկա, որ այս բոլոր հարցերը լուծելու է, լուծելու է սոցիալապես անապահովների հարցերը, ու սահմանում հարուստների ու պաշտոնյաների երեխեքն էլ են լինելու»:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասել էր նաև, թե այս գաղափարը դեռևս մշակման փուլում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG