Մատչելիության հղումներ

Իվետա Մուկուչյան․ Լավ ելույթը միավորներից ու հաղթանակից կարևոր է


Իվետա Մուկուչյան
Իվետա Մուկուչյան

2016-ին Հայաստանը Ստոկհոլմում կայանալիք «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին կներկայանա Իվետա Մուկուչյանի Love Wave երգով։ Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ Come Together, թարգմանաբար՝ «Միավորվե՛նք»։

«Շատ գնահատում եմ մարդկանց վերաբերմունքը, ջերմությունը, սերը, խոսքերը, որ ամեն օր լսում եմ: Մարտական հագուստի պես այդ խոսքերը ես ինձ հետ կրելու եմ և բարձրանալու եմ բեմ, նենց որ՝ դուք իմ հետ միասին եք լինելու բեմի վրա»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Իվետա Մուկուչյանը։

Love Wave երգի երաժշտության համահեղինակները Լևոն և Լիլիթ Նավասարդյաններն են, խոսքի համահեղինակները՝ Իվետա Մուկուչյանն ու Սթեֆանի Քրաթչֆիլդը։ Իվետան մրցույթին ելույթ կունենա 5 բեք-վոկալիստների հետ, սակայն նրանք բեմում չեն երևա։ Բեմադրության հեղինակը շվեդուհի է։ Իվետան խոստանում է նաև գրաֆիկական ու լուսային հատուկ էֆեկտների միջոցով փոխանցել Love Wave` սիրո ալիքներ։

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանի խոսքով, բեմադրությունն այնպես է կազմակերպված, որ հանդիսատեսին թվա, թե տեսահոլովակ է դիտում։ «Վերջերս մի կարծիք լսեցի, ինչ-որ մեկը մեկնաբանություն էր թողել, թե եթե հինգ հոգի բեք-վոկալիստն են, ըստ եվրատեսիլյան կանոնների, վեցը կարող են բեմում լինել, ուրեմն Իվետայի հետ չեն լինելու պարողներ: Դե ասա՝ շոու չի լինելու: Սա շատ հնացած կարծիք է արդեն, որովհետև շոու կոչվածն այսօր, այս թվային դարում, արվում է շատ նոր տեխնոլոգիաներով՝ մոդեռն, հետաքրքիր։ Մեզ մոտ ևս ամբողջ ուշադրությունը լինելու է երգչուհու վրա: Նա կլինի մենակ, թե նրա հետ կլինեն ևս մի քանիսը, փոքրիկ գաղտնիք է»,- ասաց Գոհար Գասպարյանը։

Ղարաբաղյան շփման գծում ապրիլյան բախումների օրերին Իվետան չեղյալ հայտարարեց համերգներից մի քանիսը։ Երգչուհու խոսքով՝ ինքն այդպիսով ուզում էր մրցույթի մասնակից 42 պետությունների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա։ «Մեր քայլն էր, մեր միջոցն էր, բողոքը, որպեսզի միջազգային հանրության ուշադրությունը հրավիրենք Արցախում տիրող իրավիճակի վրա։ Գիտեք՝ պետք է հասկանալ մի բան, որ դրսում, ցավոք, շատերը չգիտեն, թե Հայաստանը որտեղ է գտնվում»։

Մոսկովյան համերգը չեն կարողացել չեղյալ հայտարարել, ժամանակ արդեն չի եղել: «Երբ գիշերն այդ իրավիճակն էր այստեղ, չէինք կարող այդ պահին չեղյալ համարել համերգը, եթե հնարավորություն ունենայինք՝ կանեինք: Ոչ մեկ սիրտ չունի՝ այդ իրավիճակում գնա երգի: Բայց, ես համարում էի ճիշտ, որ ամեն դեպքում՝ բարձրանամ բեմ, երգի սկզբի մասը փոխեմ և աղոթքի խոսքերով փոխեմ երգը մեր տղաների համար։ Եվ գիտեք, չնայած, որ իրենք այդպիսի բաներ չեն ընդունում, բավականին հարցեր ծագեցին՝ ի՞նչ է կատարվում ձեզ մոտ, ի՞նչ վիճակ է ․․․ և դա քայլ է, որը ցանկալի էր»,- շարունակեց երգչուհին։

Ի դեպ, մրցույթի կազմակերպիչներն այս տարի ևս արգելված դրոշների ցանկ են հրապարակել: Ցանկում նաև Լեռնային Ղարաբաղի դրոշն է ընդգրկված։ Արգելված դրոշների թվում են նաև Իսպանիայում Բասկերի ինքնավար երկրամասի, Պաղեստինի, Կոսովոյի, Ղրիմի, Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության, ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Մերձդնեստրի հանրապետության դրոշները։

Մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն այս առնչությամբ, ասաց՝ «Բնականաբար, մենք մեզ հետ տանելու ենք Արցախի դրոշը, հիմա էլ ենք պատրաստվում տանել, էնպես չի, որ չենք տանելու: Ինչպես գիտեք, այդ ցանկում կան նաև այլ դրոշներ, պատկերացրեք՝ եթե այդ բոլոր դրոշները հայտնվեն դահլիճում, կամ որոշեն որևէ բողոքի ակցիա կազմակերպել։ «Եվրատեսիլն» ունի իր ուրույն կանոնները, որի շնորհիվ այդ մրցույթը 60 տարի գոյատևել է։ Եթե մասնակցում ես, պարտավոր ես հարգել այդ օրենքները»։

«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը կայանալու է մայիսի 12-ին։ Հայաստանը ներկայացնող երգչուհին հանդես կգա 7 համարի ներքո։ Իվետան հաղթանակից ու միավորներից առավել լավ ելույթն է կարևորում։ «Ինձանից կախված է միայն լավ ելույթը։ Ով ինչքան կքվեարկի, ինչ աստիճանի է սփյուռքը մեր կողքին լինելու, արդեն իմ ձեռքում չի։ Ես անում եմ այն ամենը, ինչը կախված է արտիստից»,- ասաց Իվետա Մուկուչյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG