Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը բացառում է տարածքների վերադարձի հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է երեկ հրապարակված հարցազրույցում: «Վերադարձ անցալին չի լինելու, այդ թվում նաև՝ հողերի հետ կապված: Լիազորությունները, ներկա վիճակի հետ կապված, հողերի հետ կապված, վերապահված է միայն ու միայն ժողովրդին: Անհրաժեշտ է դադարեցնել՝ հակասություններ փնտրել Հայաստանի և Արցախի տեսակետների միջև»,- իր հարցազրույցում, մասնավորապես, ասել է Բակո Սահակյանը:
Ղարաբաղի ղեկավարը նաև պատմել է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական ուժերի «որոշակի շարժի» մասին տեղեկություն եղել է, և ինքը ուժային կառույցների ղեկավարների հետ քննարկել է իրավիճակը: «Մենք եկել ենք այն եզրակացության, որ դա լինելու է նրանց կողմից իրականացվող գործողություններից մեկը, փոքր-ինչ շեշտադրմամբ, որ կարող է տարբերվի նախորդ գիշերների գործողություններից ծավալների առումով: Այդպես ենք ավարտել մեր քննարկումը, ցտեսություն ասելով՝ մեկնել ենք տուն, իբրև հանգստանալու․․․»: Այդ քննարկումից որոշ ժամանակ անց, ըստ ԼՂ ղեկավարի, Ադրբեջանը սկսել է աննախադեպ ռազմական գործողություններ, և ինքը հրամայել է կասեցնել գրոհն ու ոչնչացնել հակառակորդի կենդանի ուժն ու միջոցները:
Սահակյանը հարցազրույցում անդրադարձել է նաև Ադրբեջանի հետ հնարավոր նոր բանակցություններին և դրանցում Ղարաբաղի ներգրավմանը: «Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, մենք փորձելու ենք ազդել հավանական բանակցային գործընթաց սկսելու դեպքում, որպեսզի Արցախը լինի այդ գործընթացի լիարժեք կողմ: Այս պահի դրությամբ, մենք չենք տեսնում այդպիսի հնարավորություն, որովհետև այն, ինչ իրեն թույլ է տվել Ադրբեջանը, որևէ կերպ չի խոսում այն մասին, որ մոտ ապագայում մենք վերադառնալու ենք բանակցային սեղան»,- ասել է Բակո Սահակյանը:
Երեկ Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ևս ընդգծեց, որ առանց Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չէ հասնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը: Նա բանակցային գործընթացը վերսկսելու համար մատնանշեց երեք պայման՝ «Որպեսզի մենք վերսկսենք բանակցությունները, անհրաժեշտ են վստահության միջոցառումներ, անհրաժեշտ են հասցեական գնահատականներ, անհրաժեշտ են երաշխիքներ միջազգային հանրության կողմից»:
Ապրիլի առաջին օրերի ուժգին բախումներից ու հրադադարի մասին պայմանավորվածությունից հետո Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը դարձյալ տեղեկացնում է, որ գիշերը ադրբեջանական կողմը շփման գծի ողջ երկայնքով շարունակել է խախտել այդ պայմանավորվածությունը: Ըստ ՊԲ-ի, կիրառվել են տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ինչպես նաև՝ տարբեր տեսակի արկեր, ականանետներ ու նռնականետներ: Ղարաբաղյան կողմից զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: «Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկում են կանխարգելիչ գործողություններ»,- փոխանցում է ԼՂ ՊԲ-ն:
Այսօր մամուլում տեղեկություններ են հրապարակվել, որ Ադրբեջանը որոշակի գործողություններ է սկսել նաև Հայաստան-Նախիջևան սահմանի մոտակայքում: Մասնավորապես, նշվում է, որ Երասխի դիրքերի մոտ երկու օր առաջ անօդաչու թռչող սարք է հայտնվել: Այս տեղեկությունը, սակայն, Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքեց: «Հայաստանի սահմանների երկայնքով որևէ ակտիվության, հակառակորդի գործունեության որևէ դրսևորման իրական լինելու դեպքում Պաշտպանության նախարարությունը պատշաճ կերպով կիրազեկի: Այլ տեղեկությունների, ապատեղեկատվության, սեփական տեղեկությունների վրա հիմնված ռազմական ու չակերտավոր ռազմագիտական նյութեր խնդրում եմ չհրապարակել»,- «Ազատության» հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղարը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը ևս հաղորդում է նախորդ գիշեր հրադադարի ռեժիմի խախտման մասին: Ըստ տարածված հաղորդագրության՝ պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 13 միջադեպ: Ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից հիմնականում անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ: