Մատչելիության հղումներ

Փալոն․ Մեղքի իր բաժինն ունի նաև միջազգային հանրությունը


ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ
ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդես, արխիվ

Միացյալ Նահանգները կարող է օգտագործել իր լուրջ ազդեցությունը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու նպատակով: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի ազդեցիկ սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Ռոբերտ Մենենդեսը:

«Առաջին հերթին մեզ անհրաժեշտ է դիվանագիտության և ճնշումների միջոցով վերադարձնել զինադադարը և հասնել երկարատև կարգավորման, որը բոլոր կողմերի շահերից է բխում», - ընդգծել է նա:

Սենատորի խոսքով, ինքը կցանկանար Հայաստանը տեսնել ավելի շատ միտված դեպի Արևմուտք, քանի որ դա ձեռնտու է առաջին հերթին կայունության և տնտեսական զարգացման առումով:

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոն, արխիվ
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոն, արխիվ

Խաղաղ բանակցությունների անհրաժեշտության մասին է խոսել նաև ամերիկյան Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը:

«Մենք պետք է Ադրբեջանը բանակցային սեղանի շուրջ վերադարձնենք և հասնենք այնպիսի խաղաղ կարգավորման, որը թույլ կտար Արցախին դառնալ Հայաստանի մաս կամ մնալ անկախ հայկական պետություն», - ասել է նա:

Հակառակ դեպքում, ընդգծել է կոնգրեսականը, շարունակվելու է նախորդ դարասկզբից հայերի դեմ սկսված բնաջնջման քաղաքականությունը, որի արձագանքը նա նկատել է ադրբեջանական զինվորականների գործողություններում. - «Մենք տեսանք, թե ինչպես էին հայ զինվորականները և քաղաքացիական անձինք բարբարոսաբար տանջամահ արվում և գլխատվում: Այդ բարբարոսությունները շատ են հիշեցնում 1915 թվականին տեղի ունեցածը»:

Փալոնի խոսքով, տեղի ունեցած բախումների մեջ մեղքի իր բաժինն ունի նաև միջազգային հանրությունը, որը լիարժեք կերպով ճնշում չի գործադրում ադրբեջանական կողմի վրա:

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ

Խոսելով ղարաբաղյան հարցի կարգավորման մասին՝ կոնգրեսական Ադամ Շիֆը առաջին հերթին քննադատել է սեփական կառավարությունը, որը, նրա խոսքով, կողմերի միջև հավասարության նշան է դնում այն դեպքերում, երբ քննադատությունը պետք է ուղղի մեկ կողմին:

«Կիրառելով համազորության այս մոտեցումը, երբ կողմերից մեկն է միայն հրահրում պատերազմ, դուք ավելի եք դրդում պատերազմը հրահրողին, քանի որ պատերազմը հրահրող Ադրբեջանը լավ գիտի, որ իր գործողությունների համար պատասխանատվության չի ենթարկվելու: Այդ մոտեցումը պետք է փոխվի», - շեշտել է Շիֆը:

Ամերիկացի օրենսդիրները հայտնեցին, որ մտադիր են շարունակել ճնշում գործադրել Սպիտակ տան և Պետքարտուղարության վրա՝ Ադրբեջանի նկատմամբ քաղաքականությունը խստացնելու նպատակով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG