Մատչելիության հղումներ

Ադրբեջանը սպառնում է ֆրանսիացի պատգամավորին


Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում, 19-ը մայիսի, 2015թ․
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիայի Ազգային ժողովում, 19-ը մայիսի, 2015թ․

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակն իր աջակցությունն է հայտնում Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեին, ով Ադրբեջանի կողմից բացահայտ սպառնալիքների է ենթարկվել։ Շրջանակի համար շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչու են Բաքվի կողմից բացահայտ կերպով իրականացվող սպառնալիքներն անարձագանք մնում ազգային իշխանությունների կողմից։

«Չպետք է գայթակղվել։ Օրինականության քողի տակ Բաքուն նպատակ է հետապնդում Ադրբեջանում արդեն իսկ հաստատված ահաբեկչական ռեժիմի պես մեր երկրում ևս հաստատել սպառնալիքի ռեժիմ և սպառնալիքների ենթարկել այն անձանց, որոնց հանդեպ դժգոհություն ունի», - ասել է Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը։

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության փոխանցմամբ՝ բարեկամության շրջանակը հիշեցնում է, որ ապրիլի 22-ին Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանության պահանջով շրջանակի անդամ Մարլեն Մուրիեին նախազգուշական փաստաթուղթ է ներկայացվել, որով արգելվում է ֆրանսիացի պատգամավորներին այցելել Լեռնային Ղարաբաղ և պահանջվում է չեղյալ համարել Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջև հաստատված համագործակցության խարտիան:

«Այս դեպքը առաջինը և միակը չէ, սակայն այն ավելի լուրջ է, քան նախորդները։ Մի քանի օր առաջ Գերմանիայում կատակերգակի նկատմամբ իրականացվել են հետապնդումներ այն պատճառով, որ ծաղրել էր թուրք նախագահին։ Հիմա էլ ֆրանսիացի պատգամավորն է Ադրբեջանի կողմից ենթարկվել սպառնալիքի այն քաղաքականության համար, որը պաշտպանում է։ Մինչև ե՞րբ պետք է հանդուրժենք, որ հանցագործ բռնակալները ոտքերը սրբեն մեր եվրոպական ժողովրդավարության վրա», - հայտարարել է Ֆրանսուա Ռոշբլուանը։

Ֆրանսիա-Ղարաբաղ բարեկամության շրջանակը նշում է, որ նախատեսում է կապ հաստատել այս հարցի շուրջ շահագրգիռ նախարարների հետ, որպեսզի պատշաճ պատասխան ստանա կոպիտ միջամտության համար՝ մի ռեժիմի կողմից, որն ամբողջ աշխարհում միաձայն ճանաչվել է որպես ամենաճնշողներից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG