Մատչելիության հղումներ

Նախագահը զգուշացրել է՝ ովքեր վատ կաշխատեն, տեղ չեն ունենա պաշտոնական դիրքերում


Վազգեն Կարախանյան, արխիվ
Վազգեն Կարախանյան, արխիվ

Վազգեն Կարախանյանի փոխանցմամբ՝ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը նաև հաստատել է, որ հայկական կողմը դիրքեր է ետ բերել:

Հայաստանի նախագահ, իշխող Հանրապետականի ղեկավար Սերժ Սարգսյանը երեկ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ զգուշացրել է՝ «եթե մարդիկ չեն կարողանում լիարժեք աշխատել, ուրեմն տեղ չունեն պաշտոնական դիրքերում»։ Այս մասին մանրամասներ փոխանցեց հանդիպմանը մասնակցած Հանրապետական պատգամավոր Վազգեն Կարախանյանը:

«Եթե մարդիկ չեն կարողանում իրենց տեղում իրենց աշխատանքը լիարժեք կատարել, ուրեմն նրանք տեղ չունեն մեր պաշտոնական դիրքերում»։ Սա բոլորին էր վերաբերվում, մասնավորապես՝ պատգամավորներին։ Եվ նա [Սերժ Սարգսյանը] մի այսպիսի մեջբերում արեց՝ «իմացեք, որ սա էլ ձեր խրամատն է, ձեր դիրքն է», - «Ազատության»-ը փոխանցեց Կարախանյանը։

Դժգոհելով կուսակիցների աշխատանքից՝ Սերժ Սարգսյանը հանդիմանել է նրանց՝ վերջին օրերին լռելու և պարբերաբար հնչող քննադատություններին չհակադարձելու համար։ «Իհարկե դժգոհելու առիթ կա։ Նախագահի խոսքերից ուզում եմ հիշել, երբ ասում էր՝ «իսկ ի՞նչ է եղել, ի՞նչ եք դուք լռում, երբ որ որոշ քաղաքական գործիչներ, պատգամավորներ ասում են՝ «լավ չի, մենք այսքան զոհեր տվեցինք, և դրանում ռազմական ղեկավարության մեղքը կար՝ բացթողումների», մյուս կողմից՝ իրական պատկեր չներկայացնելու համար, որովհետև, շատ թե քիչ, մենք ինֆորմացված ենք, և ես կարծում եմ, որ իսկապես մենք ասելու բան ունեինք, որը որ, կարծում եմ, լավ չկատարվեց», - ասաց հանրապետական պատգամավորը։

Հարցին՝ «եթե բացթողումներ եղել են, ինչպե՞ս դուք [ՀՀԿ-ն] կարող էիք ասել, որ չեն եղել, չտեսնեիք այդ բացթողումները, որի մասին ամբողջ հանրությունն է այսօր խոսում», Կարախանյանը պատասխանեց. - «Բացթողումներ միշտ էլ լինում են, և ես չեմ կարծում, որ այդ բացթողումներն այնքան հզոր էին, որ կարելի էր ցեխ շպրտել»։

Վազգեն Կարախանյանի փոխանցմամբ, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին քննարկում չի եղել, Սերժ Սարգսյանն ընդամենն ասել է, թե չպետք է թույլ տալ, որ հակառուսական հիստերիա առաջանա:

Ի դեպ, ըստ պատգամավորի, Սարգսյանը նաև նշել է, թե Հայաստանը հենց Ռուսաստանին ընդառաջ գնալու համար է համաձայնել չորսօրյա պատերազմական գործողություններից հետո Ադրբեջանի հետ զինադադար հաստատել։

«Ասում էր, որ զինադադար կնքողը մենք չեն եղել, դա Ադրբեջանի խնդրանքով է եղել, և մենք, հաշվի առնելով նաև Ռուսաստանի, այսպես ասած, հեղինակավոր դերն ու նշանակությունը, մենք ընդառաջ գնացինք։ Մենք կարող էինք նոր հաջողությունների հասնել, եթե այդ զինադադարը չլիներ», - ասաց Կարախանյանը։

Անդրադառնալով սահմանին տիրող վիճակին, ըստ Կարախանյանի, Սերժ Սարգսյանն ասել է, որ վերջին երեք-չորս օրերի ընթացքում հայկական կողմը հաջողություններ է ունեցել։ «Ասաց, որ մենք ունեցել ենք էս վերջին երեք-չորս օրվա ընթացքում հաջողություններ և կարողացել ենք դիրքեր հետ բերել», - ասաց հանրապետական պատգամավորը։

Հարցին, թե Սերժ Սարգսյանը խոսե՞ց Զինված ուժերի, գլխավոր շտաբի բացթողումների մասին, Կարախանյանը պատասխանեց. - «Բոլոր դեպքերում, ինքն էլ ասեց, որ մենք մտածելու բան ունենք, մենք պետք է նախապատրաստվենք, անհրաժեշտ միջոցների պետք է դիմենք, որ անակնկալ չլինի ցանկացած հարձակում մեր թշնամու կողմից։ Մենք պետք է կարողանանք արժանի հակահարված տալ»։

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն, ով երեկ նույնպես ներկա է եղել Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, ի տարբերություն Վազգեն Կարախանյանի, չցանկացավ խոսել հնչած քննադատությունների մասին:

Ազգային ժողովի նախագահը շեշտեց, թե բանակն իր առջև դրված կարևորագույն խնդիրը լուծել է՝ թույլ չի տվել Ադրբեջանին գրավել Ղարաբաղի որևէ տարածք:

Դիտարկմանը, թե հայկական կողմը մի քանի դիրքեր է կորցրել, ինչի մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը, Գալուստ Սահակյանը հակադարձեց. - «Ես չեմ կարծում որևիցե դիրք ենք կորցրել, դուք այն երկու-երեք տեղերն եք ասում, որն, այսպես ասած, չէի համարի մեզ համար դիրքեր, խնդիրը հետևյալն է՝ պատերազմն, ինչի համար Ադրբեջանը սկսեց, չկարողացավ իր արդյունքներին հասնել»։

Ինչ վերաբերում է վերջին շրջանում հնչող քննադատությանը, թե բանակը ապահովված չէ նորագույն զինտեխնիկայով, Գալուստ Սահակյանը կրկին հակադարձեց, թե 80-ականներին արտադրված զենքը, ինչի մասին խոսել էր նաև Սերժ Սարգսյանը, իրականում «կառուցողական» զենք է: «80-ական թվականների զենքերը, դրանք օտարված զենքեր չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են», - ասաց Սահակյանը։

Ի դեպ, զենքի թեմային այսօր անդրադարձավ նաև Հանրապետական խմբակցության գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ ասելով, թե պատրաստ է բանակի համար անգամ տանկ գնել, բայց ինչպես՝ չգիտի։

«Ես բանակի չաստին մեքենա եմ նվեր տալիս, սարքում եք բոլոլա, ի՞նչ եմ արել, վա՞տ բան եմ արել։ Ասում ա՝ «խի՞ տանկ չեք տվել», տանկ կարա՞մ առնեմ, ինձ ո՞վ ա տանկ ծախում, ես որ հիմա ուզենամ տանկ առնեմ, ինձ տանկ կծախե՞ն։ Իսկ գումարներ տվել եմ՝ հենց վերջում 50 միլիոն ուղարկել եմ Ղարաբաղի բանակին», - ասաց Ալեքսանյանը։

Հավելենք, որ այսօր խորհրդարան էր եկել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արպատ Ավանեսյանը։

Ղարաբաղի իշխող ուժի ներկայացուցիչը, անդրադառնալով Հայաստանի տարբեր պաշտոնյաների շուրթերից հնչող` տարածքների վերադարձի մասին հայտարարություններին, բավական կոշտ գնահատական տվեց. - «Էն մարդիկ, ովքեր որ խոսում են գրավյալ տարածքների մասին և խոսում են մի թիզ հող հետ տալու մասին, նրանք պիղծ հայեր են, ես չեմ ուզում երբևէ այդպիսի հարցերի շուրջ խոսել։ Բանակցություններ անողները թող գնան անեն»։

«Ազատության» դիտարկմանը, թե օրերս Հայաստանի նախագահը հայտարարեց, որ 2011 թվականին համաձայնել է այդ հինգ շրջանները վերադարձնել, պարզապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի համաձայնել, Ավանեսյանն այսպես արձագանքեց. - «Այդ հարցով իրան [Սերժ Սարգսյանին] դիմեք»։

Հարցին՝ եթե բանակցությունների ընթացքում կրկին Հայաստանի իշխանությունները համաձայնեն վերադարձնել այդ տարածքները, Լեռնային Ղարաբաղը ինչպե՞ս կհակազդի, Ավանեսյանը պատասխանեց. - «Մեր նախագահի [Բակո Սահակյանի] կողմի այդ մասին հայտարարություն եղել է, իսկ այդ փակագծում եղածները պարզեք ձեր իշխանությունների հետ միասին»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG