Երեկ Հայաստան է տեղափոխվել «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթի ընթացքում հայ տանկիստների նվաճած մրցանակը` Տ-90Ս տանկը:
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ տանկն արտադրվել է 2015 թվականի դեկտեմբերին և կհամալրի զինված ուժերի սպառազինությունը:
«Ռուսաստանում` «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2014» միջազգային մրցույթին մասնակցող հայ տանկիստները տարել էին փայլուն հաղթանակ՝ նվաճելով մրցույթի երկրորդ տեղն ու որպես լավագույն արտասահմանյան հավաքական՝ մրցույթի կազմակերպիչ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից ստացել մրցանակ՝ մեկ միավոր Տ-90Ս տանկ», - ասված է հաղորդագրությունում։
Ի տարբերություն մրցույթին մասնակցող 12 պետությունների հավաքականների, նշում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը, հայկական զինված ուժերի հավաքականը կազմված էր նաև ժամկետային զինծառայողներից։