14 մարդուց բաղկացած նախաձեռնող խումը, որում, մասնավորապես, ընդգրկված են նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը, պատգամավորներ Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը, Վահե Հովհաննիսյանը, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը, քաղաքագետ Երվանդ Բոզոյանը, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, լրագրող Գեղամ Նազարյանը, այսօր հայտարարել են «Համախմբում» կոչվող նոր կուսակցության ստեղծման գործընթաց սկսելու մասին:
Տարածած հայտարարության մեջ, «Համախմբման» նախաձեռնողները, մասնավորապես, նշում են՝ «Կուսակցությունը ստեղծվում է պատմական մի ժամանակահատվածում, երբ մեր երկիրը կանգնած է անվտանգության ապահովման և ներքին լուրջ փոփոխությունների անհրաժեշտության առաջ։ Այսօր, առավել քան երբևէ, անհրաժեշտ է նոր՝ համախմբման պոտենցիալ ունեցող ուժ: Հասարակությունը վաղուց է հիասթափվել տարիների ընթացքում ձևավորված քաղաքական կոնյունկտուրայից, որի միջոցով հնարավոր չի եղել Հայաստանում ձևավորել տնտեսական ու քաղաքական արդար հարաբերություններ։
Մենք ոչ թե հերթական, այլ առանցքայի՛ն քաղաքական ուժ դառնալու հայտ ենք ներկայացնում։ Այս նոր ուժի հաղթանակը կլինի մեր հանրության հաղթանակը՝ ներքին ու արտաքին մարտահրավերներին արժանապատվորեն պատասխանելու միջոցով»։
Արձանագրելով, որ Խորհրդային Միության փլուզումից հետո հայտարարված բազմակուսակցական համակարգն ու շուկայական տնտեսությունը «գործնականում կյանքի չկոչվեցին», նախաձեռնողները շարունակում են՝ «Մեր երկրում բավարար չափով չհաստատվեցին ազատ մրցակցային տնտեսական հարաբերություններ, և արդար ընտրական համակարգ։ Այսինքն, մեզ մոտ չստացվեց այն, ինչը հաջողվեց անել Արևելյան Եվրոպայի ու մերձբալթյան երկրների ժողովուրդներին։ Սակայն մենք` «Համախմբում» կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներս, համոզված ենք, որ հայ ժողովուրդը, գտնվելով քրիստոնեական արժեքների ու արևմտյան (համամարդկային) արժեհամակարգի տիրույթում, ինչպես նաև լինելով համաեվրոպական ընտանիքի անդամ՝ կարող է քաղաքակիրթ աշխարհում իր տեղն ու դերը զբաղեցնել»:
Նախաձեռնողներն անդրադառնում են նաև Լեռնային Ղարաբաղում ապրիլյան բախումներին։ «Նոր կուսակցության անհրաժեշտությունը կար մինչև ապրիլյան չորսօրյա պատերազմը։ Առավել ևս՝ այդ անհրաժեշտությունը կա պատերազմից հետո, երբ շատերի համար ավելի տեսանելի դարձան բոլոր այն արատները, որոնք հարվածում են մեր երկրի անվտանգությանն ու խանգարում կայուն զարգացմանը։
Արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացումն ու այդ իրավունքի միջազգային ճանաչումը ՀՀ անվտանգության ապահովման համար անկյունաքարային են, և մենք բոլոր հարթություններում հետամուտ ենք լինելու այդ հարցի դրական լուծմանը»,- հայտարարում են նոր կուսակցության հիմնադիր անդամներն ու շարուանկում՝
«Մենք մերժում ենք այսօրվա իրավատնտեսական և քաղաքական հարաբերությունները, որոնք դարձել են հարյուր հազարավոր մարդկանց համար հույսի կորստի, ունեզրկման, աղքատության և արտագաղթի պատճառ:
Կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի անդամներս համոզված ենք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ևս էական վերանայման կարիք ունի: Հայաստանը որակապես նոր հարաբերություններ պետք է հաստատի արտաքին աշխարհի հետ` հանդես գալով որպես ինքնուրույն, ինքնիշխան, իրավահավասար, վստահելի գործընկեր՝ առաջնորդվելով պետական շահի մշտական գիտակցմամբ, անմասն չմնալով և օգուտ քաղելով միջազգային կարևոր զարգացումներից:
Մենք լուրջ պոտենցիալ ենք տեսնում Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-Եվրամիություն, Հայաստան-ԱՄՆ նոր որակի հարաբերությունների զարգացման համար: Անհրաժեշտ է տարածաշրջանային համագործակցության նոր հայեցակարգ և հատկապես Վրաստանի ու Իրանի հետ հարաբերությունների նշաձողի բարձրացում»։
Հիմնադիրներն այնուհետև հայտարարում են, որ անհիմն ու ինքնանպատակ չեն քննադատելու և ատելության քարոզ չենք տանելու։ «Սկզբունքորեն մերժում ենք իշխանություն–ընդդիմություն հարթության մեջ ամեն ինչի բաժանումը սևի և սպիտակի։ Մենք վեր ենք կանգնելու ձևավորված այդ հարաբերություններից։ Հայաստանը մեր ընդհանուր տունն է, և մեր ժողովուրդն ունի միասնական շահեր։ Հայաստանը մեր տունն է, որտեղ կան ոչ թե թշնամիներ, այլ մրցակիցներ։
Առկա մարտահրավերներին դիմակայելու համար մենք պատրաստ ենք համագործակցել քաղաքական ամենատարբեր ուժերի և բոլոր այն շրջանակների հետ, որոնք տեսնում են խորքային փոփոխությունների անհրաժեշտություն ու կիսում են մեր մտահոգությունները, մեր շեշտադրումները և մեր նպատակը։ Մեզ պետք է իրական համախմբում, որը կլինի ոչ թե մեկ անձի կամ անձերի շուրջ, այլ հանուն գաղափարի և առանցքային խնդիրների լուծման»,- իրենց հայտարարության մեջ նշում են «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամները: