Մատչելիության հղումներ

Հալաբյանում ավտոբուսի պայթյունի հավանական կասկածյալը 55-ամյա Ռուբեն Բալյանն է


Իրավապահները պարզել են պայթյունի երկրորդ զոհի ինքնությունը, նա 55-ամյա Ռուբեն Բալյանն է, ում տանը «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ է հայտնաբերվել:

Իրավապահները պարզել են ավտոբուսի պայթյունի երկրորդ զոհի ինքնությունը: Ըստ ԴՆԹ փորձաքննության, նա 55-ամյա Ռուբեն Բալյանն է: Քննչական կոմիտեի փոխանցմամբ, անճանաչելի դիակի նույնականացմամբ պարզվել է, որ հենց Բալյանի հեռախոսային քարտն է հայտնաբերվել դեպքի վայրում:

Ռուբեն Բալյանը Հայաստանի քաղաքացի է, նախկինում երկու անգամ դատված: Նախօրեին, նրա տանը հայտնաբերվել էր «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ, պայթուցիչ սարքեր (դետոնատոր) և տարբեր տեսակի էլեկտրասարքավորումներ։ «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութի տարրեր, հետքեր իրավապահները հայտնաբերվել էին նաև ավտոբուսի վրա:

Հայտնի է, որ Բալյանը կենցաղային հողի վրա դժգոհություն է ունեցել ազգականներից և պատրաստվել է պայթուցիկն օգտագործել նրանց դեմ: Առայժմ, սակայն, չի հստակեցվում, արդյոք հենց այս միջադեպն է կապված ավտոբուսի պայթյունի հետ: Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական կոմիտեն խոստանում է ավելի ուշ հաղորդել նոր մանրամասներ:

Պայթյունից ժամեր անց պաշտոնապես հերքվեց ահաբեկչության վարկածը, բացառվեց նաև գազաբալոնային պայթյունից վարկածը, քանի որ ավտոբուսը դիզելային վառելիքով էր աշխատում:

Ապրիլի 25-ին ուշ երեկոյան Հալաբյան փողոցում պայթած ավտոբուսում եղել է 10 մարդ՝ վարորդը և 9 ուղևոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, բոլորը Հայաստանի քաղաքացիներ են: Իրավապահները նաև նրանց բնակարաններում էին խուզարկություններ անցկացրել, սակայն քրեական գործի համար հետաքրքրություն ներկայացնող առարկաներ չէին հայտնաբերվել, նրանց հնարավոր առնչությունը տեղի ունեցած պայթյունին հերքվել էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG