Մատչելիության հղումներ

Շփման գծում ԼՂ ՊԲ զինծառայող է զոհվել


Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ
Հայ զինվորը մարտական հենակետում՝ հերթապահության ժամանակ, արխիվ

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ապրիլի 26-ի օրվա ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի կողմից ձեռնարկված ինտենսիվ հրետակոծությունները շարունակվել են նաև այս գիշեր:

«Ադրբեջանական զինուժը իր տրամադրության տակ եղած գրեթե բոլոր հրետանային զինատեսակներից, այդ թվում` ականանետերից, թնդանոթներից ու ՄՄ- 21 (Գրադ) կայանքներից ղարաբաղյան դիրքերի և խաղաղ բնակավայրերի վրա արձակել է ավելի քան 550 արկ: Առավել ինտենսիվ հրետակոծություններ են արձանագրվել շփման գծի հյուսիսարևելյան ուղղությամբ: Հրետակոծության են ենթարկվել Մարտակերտ, Ներքին Հոռաթաղ և այլ խաղաղ բնակավայրեր», - ասված է հաղորդագրությունում:

Հակառակորդի կողմից ձեռնարկված ագրեսիվ գործողությունների հետևանքով` մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի զինծառայող, 1996 թվականին ծնված Հայկ Սամվելի Մինասյանը:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

«Հակառակորդի նախահարձակ գործողությունները չեզոքացնելու նպատակով Պաշտպանության բանկի առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատժիչ գործողությունների և թիրախային հարվածներ հասցնելով՝ թշնամուն պատճառել կենդանի ուժի և տեխնիկայի զգալի կորուստներ», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով իրավիճակը համեմատաբար հանգիստ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG