Մատչելիության հղումներ

Հայաստանում է Էստոնիայի արական ազգային երգչախումբը


«Գրեմմի»-ի մրցանակակիր, միջազգային մի շարք հեղինակավոր մրցանակների արժանացած այս երգչախմբի հայաստանյան հյուրախաղերը կազմակերպվել են «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում:

Երգչախումբը հոգևոր երաժշտության համերգներով հանդես է եկել ապրիլի 23-ին Վանաձորում, Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, երեկ՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

Այսօր էստոնացի երաժիշտները Բյուրականում էին, որտեղ 5-րդ դարում կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում իրենց արվեստով պարզապես հիացրեցին թե՛ տեղաբնակներին, թե՛ հյուրերին՝ կատարելով էստոնական և հայկական հոգևոր երգեր:

«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի նախագահ, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը նշեց, որ այս համերգով հիմք է դրվում «Հոգևոր Հայաստան» խորագրով նոր երաժշտական փառատոնի, որն այսուհետ տեղի կունենա ամեն տարի ապրիլյան այս օրերին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

«Անպայման պիտի նվիրվի Ցեղասպանության հիշատակին: Ոչ թե հարյուրամյակով ավարտեցինք: Մի նոր շրջան սկսվեց հայերի կյանքում», - ասաց Ռոստոմյանը: - «Սկիզբը կլինի միշտ Բյուրականից, բայց շարունակությունը այսպես՝ կլինեն մեր բոլոր եկեղեցիներում»:

Նրա մտահղացմամբ՝ այս ծրագրում պիտի ներգրավվեն աշխարհի տարբեր երկրներ, որտեղ ամեն տարի այս օրերին եկեղեցիներում մեկ շաբաթվա ընթացքում կհնչի հայ հոգևոր երաժշտություն:

Էստոնիայի արական ազգային երգչախմբի գլխավոր դիրիժոր և գեղարվեստական ղեկավար Միկ Ուլեոյան լրագրողների հետ զրույցում շեշտեց, որ, ցավոք, հայ հոգևոր երաժշտությունը համացանցով դեռ մատչելի չէ արտասահմանցի երաժիշտներին, ովքեր ցանկություն ունեն ունկնդրել, սովորել ու կատարել այն:

Ապրիլի 24-ի կապակցությամբ էստոնացի երաժիշտն ասաց․ - «Սա մարդկության ամենատխուր էջերից է: Ես շատ եմ մտածել, թե ինչու ենք մենք՝ մարդ արարածներս այսքան դաժան միմյանց նկատմամբ: Թերևս անգամ մեր օրերում ողջ աշխարհում մոլեգնող վայրագությունն է նաև, որ այնքան պահանջված է դարձնում այսօր հոգևոր երաժշտությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG