Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպմանը նախարար Սեյրան Օհանյանի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, անդրադարձավ Բագրատյանի դիտարկումներին․ - «Պարոն Բագրատյանը երևի ինչ որ ինֆորմացիա եթե ունի, հին ինֆորմացիա է․․․ դրանք պետք է թարմացնել, որովհետև շատ բաներ չի համապատասխանում իրականությանը՝ զուտ պատերազմների դինամիկայի փոփոխության և տեխնիկական զարգացման պատճառով»:
Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, պնդել էր, թե զինվորները չունեն գիշերային տեսանելիության սարքեր՝ երեկոյան ութից հետո չեն տեսնում:
Արծրուն Հովհաննիսյանը տեղին չի համարում նման պնդումը․ - «Վերջին երեք տարիների ընթացքում զորքեր մատակարարվել է մեծ, ահռելի մեծ քանակի տեխնիկական միջոցներ: Բայց միջոցները մշտապես կատարելագործման կարիք ունեն, որովհետև հակառակորդը ևս կատարելագործվում է»:
Հովհաննիսյանը չի ընդունում ընդդիմադիր պատգամավորի պնդումը, թե լրացուցիչ զոհերի պատճառ է դարձել նաև զինվորների միջև հասարակ կապի բացակայությունը․ պատերազմի տարիներին՝ 1990-ականներից վարչապետի պաշտոնը զբաղեցրած Հրանտ Բագրատյանի խոսքով, չկա այն ժամանակվա ռադիոկապը:
«Աշխարհում արդեն գոյություն ունեն թվային կառավարման կապի համակարգեր, որոնց դժվար է լսելը, որոնցով հուսալի է կապ հաստատելը: Երբ մեկը մեզ դրանում մեղադրում է, բնականաբար, մենք ասում ենք՝ արի բանակ, ցույց տանք: Որովհետև մենք չենք կարող բարձրաձայն ասենք, թե մենք ինչ կապի միջոցներ ենք հիմա ձեռք բերում կամ օգտագործում»:
Ելույթ ունենալով ուսանողների առջև՝ Պաշտպանության նախարարության խոսնակն ասաց, թե կարող է տպարավորություն ստեղծվել, որ եթե այս օրերին քննադատություն չհնչեր, բանակի ղեկավարությունն իբր չէր էլ մտածի նոր բան գնելու բան մասին․ - «Հիշեք, որ էս պարտիան մենք հաղթել ենք: Իսկ դա նշանակում է, որ գլխավոր գիծը մեր կանխատեսումների և պատկերացումների հակառակորդի որակի, առաջընթացի, հավանական գործողությունների տրամաբանության [առումով], մենք ճիշտ էինք հասկացել: Եվ իրեն մենք հաղթել ենք դրանով: Հիմա էդ դետալները՝ որ կապի համակարգը, վաշտից դասակ, գումարտակից գունդ ինչքանո՞վ կլինի, ո՞նց կլինի, ո՞ր սերնդի կառնեն, ի՞նչ կանենք․․․ սա ամենօրյա գործընթաց է»:
Հայաստանի ռազմական գերատեսչության ներկայացուցիչը վստահեցնում է, որ հետախուզության հետ կապված որևէ խնդիր չի եղել, բանակն իմացել է ինչ է կատարվում ու պատրաստվել է: