«Սա սիրո հաղթանակ է ատելության նկատմամբ», - հենց այս խոսքերով «Ավրորա»-ի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն իր մրցանակը ստացավ հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի ձեռքից:
«Ավրորա» մրցանակը շնորհվում է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից, որպես երախտագիտություն նրանց, ովքեր փրկության ձեռք մեկնեցին հայ ժողովրդին:
«Ավրորա»-ի մերօրյա հերոսը՝ Մարգարիտ Բարանկիցեն, հիմնել է «Խաղաղության տուն» («Մեյսոն Շալոմ») որբանոցը՝ 1990-ականներին Բուրունդիի, Ռուանդայի և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում տեղի ունեցող էթնիկ զտումներից երեխաներին փրկելու համար: Կորցնելով իր 7 զավակներին` նա փրկել է ավելի քան 30,000 երեխայի: Ուղիղ մեկ տարի առաջ` ապրիլի 24-ին, փախել է Բուրունդիից՝ քաղաքական ճնշումների պատճառով: Այսօր նա շնորհակալ էր հայ ազգին՝ իրեն խիզախություն և ուժ փոխանցելու համար:
1 մլն դոլար մրցանակը Բարանկիցեն տրամադրելու է այն մարդկանց, ովքեր աշխատում են իր հետ՝ կարիքի մեջ գտնվող երեխաներին օգնելու համար:
Մրցանակի մյուս երեք հավակնորդներն էին Թոմ Քաթինան՝ Սուդանից, Սայիդա Ղուլամ Ֆաթիման՝ Պակիստանից և Հայր Բերնարդ Կինվին՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունից:
Իր խոսքում Ջորջ Քլունին ընդգծեց, որ «Ավրորա»-ի հավակնորդները հերոսական դպրոցներում չեն սովորել այս ամենը: Նրանք սովորական մարդիկ են, որոնց տեսնում ենք ամեն օր: Նրանք տեսել են կարիքն ու արձագանքել դրան, քայլ կատարել` բացառիկ քայլ:
«Այսօր մենք պատվում են նրանց, ավելին` դրանով նաև պատվում ենք այն 101 տարի առաջ կորած 1.5 միլիոն կյանքերը: Պատվում ենք ողբերգությունը իր անվամբ կոչելով՝ ցեղասպանություն, Հայոց ցեղասպանություն: Հայտնի է, որ Հիտլերը մի անգամ ասաց՝ բայց ո՞վ է այսօր հիշում հայերին: Ամբողջ աշխարհը` ահա թե ով: Սա է պատասխանը», - իր խոսքում ընդգծեց օսկարակիր արտիստը՝ ավելացնելով. - «Հայ ժողովրդի հետ դա տեղի ունեցավ 101 տարի առաջ, իսկ դրանից հետո մենք նորից ու նորից տեսնում ենք դրա կրկնությունը աշխարհի տարբեր վայրերում՝ Գերմանիա, Կամբոջա, Բոսնիա, Ռուանդա: Ես դա տեսել եմ Դարֆուրում ապրող մարդկանց կոտրված մարմիններում, կոտրված ընտանիքներում, կոտրված սրտերում: Ես տեսել եմ, թե մարդն իր վատթարագույն դրսևորումներում ինչի է ունակ: Բայց ես ուրիշ բան էլ եմ տեսել, որը շատ ավելի հզոր է, քան ատելությունը: Ես տեսել եմ խիզախություն և բարություն, սիրո անհավատալի դրսևորումներ: Այսօր մենք մեծարում ենք դրա լավագույն օրինակները»:
100 LIVES` «100 կյանք» նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Վարդանյանն արդեն մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ «Ավրորա»-ն երազանքի իրականացում էր՝ կառուցել մի բան, որ մարդկության և աշխարհի համար կշարունակվի ոչ թե մեկ, այլ առնվազն 8 տարի: Թիվը խորհրդանշական է, քանի որ Հայոց ցեղասպանությունը շարունակվել է մինչև 1923 թվականը:
«Սա կենսական նշանակություն ունեցող մրցանակ է: Ստեղծվում է մի մեխանիզմ, որի շնորհիվ մարդիկ կիմանան, թե ինչ է կատարվում աշխարհում, կներգրավվեն դրանում և աջակցության ձեռք կմեկնեն», - նշեց Վարդանյանը:
Այսօր բարդ քաղաքական իրավիճակ է հենց «Ավրորա»-ի առաջին դափնեկիր Մարգարիտի հայրենիք Բուրունդիում: Մամուլի ասուլիսի ընթացքում ֆրանսիացի լրագրողի հարցին, թե արդյո՞ք մրցանակը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ Բուրունդին այսօր կանգնած է ցեղասպանության եզրին, 100 LIVES նախաձեռնության համահիմնադիր, ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանն ասաց՝ դափնեկիրը ընտրվել է նախկինում իր արած գործերի համար, սակայն մրցանակը նաև կոչ է աշխարհին. - «Իհարկե նման մրցանակը նաև կոչ է աշխարհին` քայլեր ձեռնարկելու, որպեսզի մենք ապագայում ունենանք այնպիսի աշխարհ, որտեղ Մարգարիտի գործունեության կարիքն այլևս չլինի, հնարավոր է դա լինի Բուրունդին կամ մեկ այլ երկիր»:
Միջազգային լրատվամիջոցների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ուղերձին, որի ընթացքում ԱՄՆ նախագահը հերթական անգամ ձեռնպահ մնաց Genocide (ցեղասպանություն) եզրույթի օգտագործումից: 100 LIVES-ի համահիմնադիր, Քարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի խոսքով՝ այդուհանդերձ խոսքը հնչեց հայերեն, Օբաման ճանաչեց սպանդն ու վայրագությունները. - «Ես անձամբ ծանոթ չեմ Օբամային: Ընդհանուր առմամբ` G տառով բառը չօգտագործեց, բայց Մեծ Եղեռն բառն ասաց հայերեն: Նա, ով չգիտի այդ բառի իմաստը, բառարանում կարող է գտնել, որ Մեծ Եղեռնը նույն Genocide-ն է, համարժեքն է: Այս ճգնաժամային իրավիճակում կարող եմ հասկանալ, թե ինչու է նման վերաբերմունք ցուցաբերում նախագահ Օբաման»:
Իր գնահատականներում ավելի կոշտ գտնվեց Նուբար Աֆեյանը՝ ասելով, թե նախագահը կարող էր ավելի քաջ լինել. - «Օբաման չի մոռացել Ցեղասպանություն բառը, պարզապես նրան կանխել են, քանի որ այդպիսին է Պետդեպի քաղաքականությունը: Շատ ցավալի է, որ Օբաման, ով հեղինակել է «Հույսի հզորությունը» գիրքը, հայերին թողնում է միայն հույսը»:
«Իմ պապերի ընտանիքն ամբողջությամբ սպանվել է, ողջ է մնացել պապս», - շարունակելով թեման` խոստովանեց Ռուբեն Վարդանյանը՝ ավելացնելով՝ ինքն ավելորդ ապացույցների կարիք չունի: Նա ընդգծեց՝ «Ավրորա»-ն հայկական մրցանակ չէ, չբացառեց, որ մի օր էլ գուցե ազգությամբ թուրք գործիչը Հայաստանում արժանանա այս պատվին. - «Ձևաչափ ենք սահմանել, որ չնայենք՝ ով է մեր թշնամին, ով՝ մեր բարեկամը, այլ՝ ովքեր են լավ աշխատում: Եթե լինի այդպիսի մեկը Թուրքիայում, ապա թող պատրաստ լինի, որ հենց ինքն էլ մյուս տարի՝ 2017 թվականին, այստեղ` Հայաստանում կստանա այդ մրցանակը»: