Մատչելիության հղումներ

Լրագրող. «Ոստիկանապետը պետք է ներողություն խնդրի»


Լրագրող Սիրանույշ Պապյան
Լրագրող Սիրանույշ Պապյան

Սիրանույշ Պապյանը պատրաստվում է դիմել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, ինչպես նաև դատարան։

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխող Հանրապետականի խոսնակ Էդուարդ Շարմազանովն այսօր իշխանության անունից ներողություն խնդրեց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պահվածքի համար:

«Եթե Սիրանույշը վիրավորվել է, ես, որպես իշխանություն, Սիրանույշից ներողություն եմ խնդրում», - ասաց Շարմազանովը։

Հիշեցնենք, ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդում, հակադարձելով 1in.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանի դիտարկմանը, թե ոստիկանությունը պարբերաբար խոսում է բարեփոխումների մասին, սակայն հասարակությունը դրանք չի տեսնում, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն ասել էր, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»։

Անդրադառնալով ոստիկանապետի պահվածքին՝ Ազգային ժողովի փոխնախագահը ոչ միայն ներողություն խնդրեց իշխանության անունից, այլև ընդգծեց, թե բոլորը պետք է ձգտեն պահպանել կոռեկտություն։

«Իմ կարծիքով, անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս՝ և՛ լրագրողները, և՛ ոստիկանությունը, և՛ քաղաքական գործիչները, և՛ մեր քաղաքացիները պետք է ձգտեն պահպանել կոռեկտություն», - ասաց Շարմազանովը։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նույնպես ոստիկանապետի հայտարարությունը անընդունելի համարեց՝ ընդգծելով՝ «լրագրողը իր գործն է անում, անկախ նրանից՝ դա պաշտոնյային դուր է գալիս, թե՝ ոչ:

Հարցին, թե արդյո՞ք ոստիկանապետը պետք է հեռացվի պաշտոնից այդօրինակ հայտարարության համար, Զոհրաբյանն արձագանքեց, թե չի կարող այդ հարցին պատասխանել։ «Մեկ բան հստակ է՝ լրատվամիջոցի աշխատանքը պետք է հարգել, և որևէ մեկն իրավունք չունի լրագրողին վիրավորել», - ասաց նա։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, մինչդեռ, նշում է՝ եթե ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ներողություն չխնդրի, ապա հանրությունը պետք է պահանջի նրա հրաժարականը։

«Մենք ևս մեկ անգամ կարող ենք փաստել, որ Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները, փաստորեն, զուրկ են մշակույթից և իրենց հարիր չեն պահում։ Իհարկե, սա պետք է դատապարտել։ Ցանկալի կլիներ, որպեսզի նա ներողություն խնդրեր, ասեր, որ դա ուղղակի պատահական է այդպես եղել և լեզվի սայթաքում է, կամ ինչ-որ տրամադրության անկման հետևանք է, բայց եթե նա շարունակում է լռել, ապա մենք պետք է իրավական ընթացակարգով հասնենք դատապարտման, ընդհուպ մինչև նրա հրաժարականի պահանջելը», - ասաց Փոստանջյանը։

Նշենք, որ ոստիկանությունն այսօր պարզաբանում է ներկայացրել Վլադիմիր Գասպարյանի հայտարարության կապակցությամբ՝ փորձելով բացատրել, թե ինչ է ուզել ասել ոստիկանապետը, երբ հայտարարել է, թե լրագրողի մեջ «կին չի տեսնում»:

«Իրականում ոստիկանության պետը լրագրողին չի վիրավորել, ընդամենը, հակադարձելով նրա պնդմանը, թե ոստիկանության փոփոխությունները չի տեսնում, որպես ակնհայտը չտեսնելու օրինակ ասել է, թե դա նույնն է, որ իր առաջ կանգնած կնոջը չտեսնել որպես կին», - ասված է ոստիկանության հաղորդագրությունում։

Մինչդեռ 1in.am-ի լրագրող Սիրանույշ Պապյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ ոստիկանության արդարանալու այս փորձերն անիմաստ են, Վլադիմիր Գասպարյանն իրեն վիրավորել է և պետք է ներողություն խնդրի։

«Ոստիկանապետի պահվածքը ոչ ադեկվատ եմ դիտարկում, ոստիկանապետը վիրավորել է իմ արժանապատվությունը։ Երեկվանից մենք՝ թե՛ իրավաբանների, և թե՛ իրավապաշտպանների հետ քննարկում ենք մեր հետագա քայլերը: Առաջիկայում մենք կդիմենք Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողով, ինչպես նաև պատրաստվում ենք դիմել դատարան, որպեսզի ոստիկանապետը ներողություն խնդրի։ Փաստորեն, ոստիկանապետը դուրս է եկել իրեն վերապահված սահմաններից՝ վիրավորել է քաղաքացու, նաև լրագրողի, ով իր աշխատանքային պարտականությունն էր այդ փուլում կատարում, և ինքը պարտավոր է ուղղակի ներողություն խնդրել», - ասաց լրագրողը:

Հավելենք, որ կնոջ մեջ կին չտեսնելու հայտարարությունից բացի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հասցեին նաև ասել էր, թե նրանք «չեն լսում, չեն տեսնում և դեղնում են»։ «Բարեփոխվե՛ք, սիրելինե՛րս, դուք շատ հին եք մնացել: Դուք դեղնում եք, գունաթափվում եք», - ասել էր ոստիկանապետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG