Ուրուգվայի մայրաքաղաք Մոնտեվիդեոյում հայ համայնքը ապրիլի 24-ը սկսեց ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհվածների հոգեհանգստյան արարողությամբ:
Կեսօրից հետո տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ավանդական միջոցառումը Արմենիա հրապարակում, որին ներկա էին բոլոր խմբակցությունների օրենսդիրներ:
Իր ելույթում Ստամբուլի «Նոր Զարթոնք» կազմակերպության բանբեր Սայաթ Թեքիրը ասաց, որ այսօր Թուրքիայում տեղի են ունենում նոր ջարդեր, և բացառված չեն հայերի դեմ նոր գործողություններ:
Որպես գլխավոր բանախոս ելույթ ունեցավ Մոնտեվիդեոյի քաղաքապետ Դանիել Մարտինեսը, ով ընդգծեց, որ արդարություն է պահանջում այս ոճիրը մարդկության դեմ, և որ վրեժխնդրությունն ու ատելությունը կողմերից ոչ մեկին օգուտ չեն բերում:
Նա նշեց, որ Ուրուգվայի համար պարտավորեցնող է՝ լինել առաջին պետությունը աշխարհում, որը օրենքով ընդունել է Հայոց ցեղասպանությունը, ուստի պետք է շարունակել պայքարը հանուն արդարության և խաղաղության:
Մարտինեսը համարվում է իշխող կուսակցության նախագահական հավանական թեկնածուներից մեկը հաջորդ ընտրություններում: