Մատչելիության հղումներ

Ակտիվիստը պնդում է, թե Երևանի ոստիկանապետը սպառնացել է իրեն


Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը։
Քաղաքացիական ակտիվիստ Շահեն Հարությունյանը։

Ակտիվիստ Շահեն Հարությունյանին երեկ երեկոյան քաղաքացիական հագուստով ոստիկաններն ուղեկցել են ոստիկականական բաժանմունք՝ ասելով, որ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը ցանկանում է զրուցել իր հետ։

17-ամյա Շահենի խոսքով Կարապետյանը իրեն սպառնացել է․ - «Խոսք գնաց գաղափարների պայքարի մասին: Ասացի՝ ես հետ չեմ կանգնելու, ասաց՝ պրոբլեմներ կունենաս: Ասացի՝ եթե ես պայքարում եմ, պրոբլեմներից էլ չեմ վախենա: Ասաց՝ չես էլ կարա խուսափես, պրոբլեմները վզիդ կփաթաթենք, տարիներով կեթաս: Իրա խոսքերն եմ մեջբերում»:

Երեկ երեկոյան Շահենը մասնակցել է ԱԳՆ-ի շենքի և ՌԴ դեսպանատան առջև կազմակերպված բողոքի ակցիային, այրել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների լուսանկարները։

Ակտիվիստի փոխանցմամբ՝ Աշոտ Կարապետյանին ամենից շատ դա էր վրդովեցրել․ - «Ամենասկզբից սկսեց՝ թե ինչու եմ ագրեսիվ ու վատ պահում ինձ: Որպես հիմնավորում բերում էր իմ ելույթները, հակառուսական, հակաիշխանական սուր քննադատական ելույթները և նախագահների նկարները վառելը: Ինչը, ըստ իրեն, հակասում է և վնասում է մեր երկրի հեղինակությանն ու վարկանիշին»:

Ոստիկանությունում չհերքեցին, որ հանդիպում ակտիվիստի հետ կայացել է։ Աշոտ Կարապետյանն «Ազատության» հետ հեռախոսազրույցում ասաց, որ երկար խոսել չի կարող, քանի որ խորհրդակցության է։ Այդուհանդերձ ընդգծեց, թե հանդիպման ընթացքում սպառնալիքներ Հարությունյանի հասցեին չի հնչեցրել․ - «Իմ ծառայության ոլորտին ու պաշտոնին հարիր չէ նման ասելաձև, ասելաոճ, ոնց որ ներկայացնում ա ինքը: Ամոթ ա․․․ էրեխու հետ ոնց տենց կըլնի»:

Երեկ երեկոյան, երբ Շահենի ոստիկանությունում էր, «Ֆեյսբուք»-ի օգտատերերը ստեղծեցին «ձեռքներդհեռուՇահենից» հեշթեգը, որտեղ մայրաքաղաքի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը գրել էր, թե ակտիվիստը ոստիկանությունում ռուսական դրոշ է պատռել։

Շահենը պատմեց․ - «Աշխատասենյակ էր․․․ Հարց եմ տվել՝ բա ո՞ւր ա հայկական դրոշը, պատասխանը՝ մեր հավաքարարի թոռը լացեց, տվեցինք տարավ: Վերցրեցի, պատռեցի [Ռուսաստանի դրոշը], հենց իրենց ներկայությամբ պատռեցի․․․ Ի՞նչ ա, որ մի տաս հետո Թուրքիան, ասի մեր դաշնակիցն ա, պայմանագիր կնքենք, պիտի թուրքի դրո՞շ դնեն: Կամ Ադրբեջանի դրո՞շ պըտի դնեն»:

Շահեն Հարությունյանն իր հասցեին հնչեցրած սպառնալիքները անօրինական է համարում, բայց ոստիկանություն դիմելու իմաստը չի տեսնում․ - «Իրենք անօրինականությամբ եկել են իշխանության, իրանք ամեն օր են անօրինականություն իրականցնում: Իրենց պաշտոնին գնտվելը արդեն իսկ անօրինականություն ա»:

Շահեն Հարությունյանը Շանթ Հարությունյանի անչափահաս որդին է։ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով 2013-ի ցույցից հետո նա դատապարտվել է 4 տարի պայմանական ազատազրկման։

XS
SM
MD
LG