Մատչելիության հղումներ

Լավրովը կարևորել է 5 տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

«Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին և ս.թ. ապրիլի 2-5-ը ԼՂ հակամարտության գոտում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր», - տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Իր խոսքում Սերժ Սարգսյանը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, մասնավորապես, ասել է․ - «Մենք մշտապես այդ գործընթացում կառուցողական ենք եղել, մշտապես վստահ ենք եղել, որ Մինսկի խմբի համանախագահները, վերջիվերջո, կներկայացնեն հարցի լուծման իրենց մոտեցումը, հասցեական կասեն այն կողմի անունը, որը հրաժարվում է այդ առաջարկություններից: Բայց, ցավոք, ադրբեջանցիները համարեցին, որ իրենք կարող են անպատիժ խախտել դեռևս 1994-1995թթ. ստորագրված համաձայնագիրը և այն պայմանավորվածությունները, որոնք մենք ձեռք ենք բերել այս երկարատև բանակցությունների ընթացքում: Մենք այս փուլը սկսել ենք 2007 թվականին: Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք»:

Հայաստանի նախագահը նաև հարց է ուղղել Լավրովին․ - «Ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը»:

Արձագանքելով Սերժ Սարգսյանի հարցին՝ Լավրովը նշել է, որ տվյալ փուլում շատ կարևոր է կյանքի կոչել՝ «այն, ինչի մասին Դուք պայմանավորվել եք Ադրբեջանի նախագահի հետ դեռևս 5 տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների, միջադեպերի կանխման և վստահության միջոցների մասին, որպեսզի առավելագույնս նվազեցվի, նույնիսկ պարզապես տեխնիկական քայլերի միջոցով, առճակատման բռնկման հնարավոր որևէ վտանգ» և շարունակել․ - «Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը: Մենք փորձել ենք, փորձում ենք և կփորձենք օգնել համանախագահների՝ ամերիկացիների, ֆրանսիացիների հետ միասին: Մենք ունենք միասնական դիրքորոշում, և ինչպես հասկանում եմ, Հայաստանը սատարում է այդ դիրքորոշմանը, որ համանախագահների եռյակը` ԵԱՀԿ-ի հետ միասին պետք է շարունակի իրականացնել հիմնական համակարգողի գործառույթը՝ համապատասխան այն մանդատի, որը կողմերը համաձայնել են տրամադրել այդ մեխանիզմին: Եվ մենք չենք ողջունում զուգահեռ ինչ-որ ուղիներ փնտրելու, մեխանիզմներ ստեղծելու փորձերը, որոնք չեն վայելում բոլոր կողմերի վստահությունը: Դա միայն կշեղի հիմնական խնդրից՝ ապահովել անվտանգություն, թույլ չտալ նոր զոհեր և, այնուամենայնիվ, ստեղծել քաղաքական գործընթացի համար պայմաններ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG