Մատչելիության հղումներ

Շիֆը Օբամային հորդորում է պաշտոնավարման վերջին տարում ճանաչել Հայոց ցեղասպանությունը


Կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ
Կոնգրեսական Ադամ Շիֆ, արխիվ

Հայամետ կոնգրեսականը բաց նամակ է հղել Միացյալ Նահանգների նախագահին:

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, «Հայոց ցեղասպանության ճշմարտացի և արդար բանաձև»-ի հովանավորներից կոնգրեսական Ադամ Շիֆը, ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում, ընթերցել է երկրի նախագահ Բարաք Օբամային հղված բաց նամակը, հորդորելով իր պաշտոնավարման վերջին տարում և Ցեղասպանության 1Օ1-րդ տարելիցի նախօրեին ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Պարո՛ն Նախագահ», - ասված է նամակում, - «2ՕՕ9 թվականին նախագահությունը ստանձնելուց մեկ տարի անց Դուք ստացաք Խաղաղության Նոբելյան մրցանակ։ Եվ այդ նույն օրը Դուք խոսեցիք մարդու հիմնարար իրավունքների սկզբունքների մասին։ Ձեր վարած արտաքին քաղաքականության մեջ Դուք շեշտել եք աշխարհում էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների ազատությունների կարևորությունը, ընդարձակել բռնություններից խույս տվող փախստականներին հատկացվող օգնության ծավալները։ Դուք եք հիմնադրել Բռնությունները կանխարգելող խորհուրդը՝ նպատակ ունենալով համակարգել ու հետևել զանգվածային բռնություններն ու ցեղասպանությունները կանխարգելող ջանքերին։

Մի քանի օրից Դուք կունենաք Ձեր ժառանգությունը հարստացնելու մեկ այլ հնարավորություն»։

Այնուհետև, ներկայացնելով Օսմանյան կայսրությունում 1915-1923 թվականների ընթացքում մեկուկես միլիոն հայերի ջարդի ենթարկելու պատմությունը, կոնգրեսական Ադամ Շիֆն ընդգծում է, որ այս ամենի մասին լավ տեղյակ է Օբաման, ով որպես ԱՄՆ-ի սենատոր բազմիցս է հանդիպել Ցեղասպանության զոհերի ժառանգների հետ։

«Պարոն Նախագահ, նրանց ու նրանց ժառանգների համար «ցեղասպանություն» բառը խորհրդավոր իմաստ ունի, որը նշանակում է, որ աշխարհը չի մոռացել ու չի մոռանալու։ Մյուս կողմից, Ցեղասպանության հերքումը պղծություն է համարվում նրանց կողմից, կրկնակի սպանություն»։

Ադամ Շիֆը հայտարարում է, թե սա վերջին տարին է, որ նախագահի պաշտոնում Օբաման ունի «ցեղասպանություն» բառն արտասանելու հնարավորություն։

«Հայերի դեմ իրականացված սպանությունները Դուք անվանել եք «զանգվածային բռնություններ»՝ խուսափելով «ցեղասպանություն» եզրից, չնայած շատ ու շատերից ավելի լավ գիտեք, որ Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի դեմ իրականացված բնաջնջման քաղաքականությունն է դարձել օրինակ Ռաֆայել Լեմկինի համար «ցեղասպանություն» եզրը կազմելիս։

Ես գիտեմ, որ այս տարի նույնպես, բառերի ընտրության ժամանակ նույն անձինք Ձեզ կասեն, կիրառել զսպված բառեր, կասեն, որ դեռ ժամանակը չէ, կամ կասեն, որ Թուրքիան ռազմավարական առումով մեծ նշանակություն ունի», - իր հայտարարության մեջ գրում է Ադամ Շիֆը ու շարունակում.

«Պարոն նախագահ, անկախ նրանից, թե ինչ հայտարարությամբ Դուք հանդես կգաք ապրիլի 24-ին, կասկած չկա, որ Թուրքիան կվարվի այնպես, ինչպես վարվել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների ամբողջ ընթացքում, այնպես, ինչպես Թուրքիան շահավետ է համարում իր համար։ Իսկ ահա Եվրոպայի ու աշխարհի մեր դաշնակիցներից շատերը, այդ թվում՝ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը, ճանաչել են Ցեղասպանությունը ու շարունակել սերտ հարաբերությունները Թուրքիայի հետ, քանի որ այն բխում է հենց Թուրքիայի շահերից։ Նույնը տեղի կունենա, եթե ԱՄՆ-ը ճանաչի Ցեղասպանությունը»։

ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆը Ներկայացուցիչների պալատի նիստի ժամանակ հայտարարել է նաև, թե ինքն ու Ցեղասպանությունը վերապրածների միլիոնավոր ժառանգներ հույս ունեն, որ նախագահը, կիրառելով վերջին հնարավորությունը, Հայոց ցեղասպանությունը կանվանի «ցեղասպանություն»։

«Պարոն Նախագահ, ցավոտ ու դժվարին, բայց կենսական այս հարցն է, որ պիտի ասի, թե ով եք Դուք։ Օգնեք մեզ լինել այն Ամերիկան, որը մենք «պարտավոր» ենք լինել, որն ազատության և արժանապատվության փարոսն է, և որի լույսը լուսավորում է մարդկային մութ պատմությունը և բացահայտում Ցեղասպանության հանցանքը», - այսպես է ավարտում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային հղված նամակը կոնգրեսական Ադամ Շիֆը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG