Մատչելիության հղումներ

Վարորդներն անգիր գիտեն Գորիս - Սիսիան ճանապարհի փոսերի տեղը


Այդ ճանապարհը հաղթահարելու համար, նրանց խոսքով, պետք է պատրաստ լինել փորձությունների:

Վերջին շրջանում այս ճանապարհահատվածի քարուքանդ լինելու վերաբերյալ քննադատությունն է՛լ ավելի սրվեց շփման գծում լարվածության աճի ֆոնին՝ երբ այդ ճանապարհով Ղարաբաղից Հայաստան էին տեղափոխում ռազմական բախումների ընթացքում վիրավորվածներին:

Քննադատությանն անցած շաբաթ անդրադարձավ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ հայտնելով, որ ճանապահարհատվածում փոսալցում կիրականացվի․ - «Կառավարության որոշումով Սիսիանի ճանապարհի համար հատկացվեց 240 միլիոն դրամ: Երբ որ սկսվեց պատերազմը, այդ փոսային լցումները չէինք կարող անել, քանի որ ձյուն էր գալիս: Խցանումներ որպեսզի չլինեն, մենք արագ վերացրեցինք ձյունը»:

Վարորդները, մինչդեռ, պնդում են, որ փոսալցումը այս պարագայում լուծում չէ․ կարճ ժամանակ անց կրկին նույն վիճակն է լինելու:

Ճանապարհային աշխատանքներն իրականացնող «Ոսմար» ընկերության տնօրեն Արթուր Մարտիրոսյանի պարզաբանմամբ՝ անհիշելի ժամանակներից ճանապարհը հիմնովին չի ասֆալտապատվել, հիմնական ճանապարհի միայն 20 տոկոսն է մնացել․ - «Նոր արած փոսը երբեք չի քանդվի: Անցած տարվանը մնում է, նախանցածը՝ մնում է: Ինչ փոսեր որ առաջանում են, այդ փոսերը, հիմնական մի 90 և ավել տոկոսը նախկին մնացած ասֆալտից է, որ արդեն կարծրացած է․․․ Մայր ասֆալտից, այսինքն ժամանակին հիմնանորոգված ասֆալտից երևի 20-30 տոկոսը մաքսիմում մնացած կլինի, մնացածը արդեն փոսալցված հատվածն է»:

Մարտիրոսյանի խոսքով՝ Սյունիքում նաև եղանակային պայմաններն են ազդում ճանապարհների վատթարացման վրա: Ամբողջ ձմեռը ծանր տեխնիկա է աշխատում, վնասվում է վերին շերտը․ այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնվի ներդրումներ կատարելու ընթացքում:

Այս ճանապարհով երթևեկող վարորդները խորհրդային տարիներին կատարվող աշխատանքների մասին են հիշում: Ասում են՝ նախկինում փայտից պաշտպանական պատնեշներ էին կառուցում ճանապարհների եզրերին․ ճանապարհը չէր փակվում, և ասֆալտապատ հատվածը պահպանվում էր:

«Ոսմար» ընկերության տնօրենը նշում է, որ այդ փորձի մասին գիտեն․ թեև ծախսատար է, բայց, հաշվի առնելով, թե անցած ձմռանը որքան հաճախ են փակվել ճանապարհները ու լուրջ խնդիրներ առաջացրել, կփորձեն կիրառել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG