Մատչելիության հղումներ

Թուրքիան՝ ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության ջատագով


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Պաշտոնական Անկարան կանի հնարավորը, որպեսզի հուլիսի սկզբին Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Վրաստանը կազմակերպությանն անդամակցելու պաշտոնական հրավեր ստանա: Այդ մասին օրերս Ստրասբուրգում վրացական մի շարք հեռուստաընկերությունների լրագրողների հետ զրույցում հայտարարեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Բազմաթիվ հայտարարություններ են հնչել՝ ոչ միայն իմ թբիլիսյան այցի, այլև մյուս հանդիպումների ժամանակ, որ մենք միանշանակորեն աջակցում ենք Վրաստանի` Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալու ցանկությանը: ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ամեն մի հավաքին մենք հիշեցնում ենք այդ մասին: Երկու տարի առաջ` Ուելսում կայացած գագաթնաժողովի ընթացքում, մենք հայտարարեցինք, որ Վարշավայի համաժողովը պետք է դառնա ՆԱՏՕ-ի ընդլայնման գագաթնաժողով», - ասաց Չավուշօղլուն:

Նրա համոզմամբ, «Վրաստանը կարող է լիիրավ անդամակցության հրավերը ստանալ` շրջանցելով դրան նախորդող Անդամակցության գործողությունների ծրագիրը` այսպես կոչված MAP-ը»: «Տեխնիկապես դա հնարավոր է: Թուրքիան, սակայն, չի կարող որևէ բան երաշխավորել: Դրա հետ մեկտեղ, մենք վստահ ենք, որ Վրաստանը արժանի է Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ դառնալ», - նշեց Թուրքիայի արտգործնախարարը:

Թուրքական դիվանագիտության ղեկավարի այս հայտարարությունը վրացական որոշ շրջանակներում լուրջ ոգևորության առիթ դարձավ: Պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, օրինակ, հայտարարում է, որ Վարշավայի համաժողովում Վրաստանը դիմելու է դաշինքի անդամ պետություններին` լիիրավ անդամակցության անհապաղ հրավեր ստանալու խնդրանքով:

«Անդամակցության գործողություների ծրագիրը` MAP-ը, Վրաստանի համար արդեն անցյալում է: Վրաստանը Վարշավայում լիիրավ անդամակցության հայտ է ներկայացնելու: Կընդառաջեն մեզ թե ոչ՝ դժվար է ասել․ դա պետք է որոշեն դաշինքի անդամ 28 պետությունները», - հայտարարում էր Խիդաշելին:

Վրաց քաղաքական գործիչների և քաղաքագետների զգալի մասը, սակայն, քննադատում է Թինա Խիդաշելիին շտապողականություն ցուցաբերելու համար: Նրանք հիշեցնում են, որ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը, մասնավորաբար՝ կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, բազմիցս նշել է, որ Վրաստանը չի կարող շրջանցել Անդամակցության գործողությունների ծրագրի փուլը: Ոմանց կարծիքով էլ՝ Խիդաշելիի հայտարարությունը նախընտրական բնույթ ունի:

Վրաստանի պաշտպանության նախարարը Հանրապետական կուսակցության ղեկավարներից մեկն է: Քաղաքական այս ուժը մի քանի շաբաթ առաջ որոշեց հոկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցել` դուրս գալով Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած «Վրացական երազանք» դաշինքից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG