Մատչելիության հղումներ

Վարչապետը «ճիշտ և արդյունավետ» է համարում իր մոսկովյան այցը


«Վարչապետը զգացմունքային որոշումներ չպիտի կայացնի», - ասում է Հովիկ Աբրահամյանը։

Մոսկվա գնալը շատ ճիշտ էր ու արդյունավետ, մենք պետք է ամրապնդենք հարաբերությունները դաշնակից Ռուսաստանի հետ, այսօր լրագրողներին ասաց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք անպատվաբեր չէր իր մասնակցությունը մեկ շաբաթ առաջ Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության վարչապետերի նիստին:

«Վարչապետը զգացմունքային որոշումներ չպիտի կայացնի և ուղղորդվի զգացմունքներով։ Մենք պիտի մտածենք մեր պետության շահերի մասին։ Գնալը շատ արդյունավետ էր, և մեր դաշնակցի հետ՝ Ռուսաստանի Դաշնության, մենք պետք է մեր հարաբերությունները ամրապնդենք», - ասաց վարչապետը։

Նիստը նախատեսված էր անցկացնել ապրիլի 8-ին՝ Երևանում, սակայն ղարաբաղա-ադրբեջանական թեժ բախումների ֆոնին Ղազախստանի նախաձեռնությամբ տեղափոխվեց Մոսկվա: Աբրահամյանի խոսքով` Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է իրեն խնդրել մասնակցել մոսկովյան նիստին: «Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարը, ով պաշտոնապես այցելեց Հայաստան, նաև հնչեցրեց և խնդրեց, որպեսզի մասնակցեմ։ Մենք քննարկել ենք։ Իհարկե՝ կարող էի չմասնակցել և նաև հաճոյանալ մեր ժողովրդի այն մասին, ովքեր որ ասում են՝ պետք չէ գնալ, պատիվ չի բերի։ Ես կարծում եմ՝ գնալը շատ ճիշտ էր, և պետք է մտածենք համագործակցության մասին մեր ռազմավարական դաշնակցի հետ», - ասաց վարչապետը:

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպմանը երևանյան նիստի տապալումը քննադատել էր նախագահ Սերժ Սարգսյանը՝ շեշտելով, որ հրաժարվելով մասնակցել Երևանում ծրագրված միջոցառմանը՝ գործընկերները վնաս հասցրեցին Եվրասիական միության հեղինակությանը:

Երևանի փոխարեն Մոսկվայում հավաքվելու որոշումը քննադատեց նաև Հովիկ Աբրահամյանը, սակայն մեկ շաբաթ մտածելուց հետո` ի վերջո չհրաժարվեց վարչապետերի հանդիպմանն անձամբ ներկա գտնվել:

«Այնտեղ հենց առաջին իսկ պահից որոշում կայացվեց, որ մայիսի 20-ին պետք է Հայաստանում անցկացվի Եվրասիական տնտեսական միության վարչապետերի խորհրդի նիստը, և այդ որոշումը միաձայն ընդունվեց», - մանրամասնեց Աբրահամյանը։

Պատասխանելով հարցին, թե նոր ռազմատեխնիկա ձեռք բերելու նպատակով իրականացվող դրամահավաքների ֆոնին արդյո՞ք Կառավարությունը չի պատրաստվում կրճատել իր ճոխ ծախսերը, վարչապետը հայտարարեց՝ սպառազինությունների ձեռք բերման համար Հայաստանը գումարներ ունի, իսկ դրանց մատակարարումը տեղի կունենա նախատեսված ժամկետից շուտ․ - «Մենք շատ շուտով ձեռք կբերենք այն, ինչ պլանավորում ենք ձեռք բերել, և ես որևէ խնդիր չեմ տեսնում։ Իսկ եթե մարդիկ ինքնակամ ցանկություն ունեն աջակցելու մեր զոհվածների ընտանիքներին, մեր բանակին՝ դա ընդունելի է, բայց մենք որևէ մեկին չենք պարտադրում, չենք խնդրում, որ աջակցեն։ Մենք ունենք այդ ֆինանսական հնարավորությունը և մենք կատարում ենք բոլոր այն խնդիրները, ծրագրերը, որոնք վերաբերում են բանակի սպառազինությանը»։

Օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի հրաժարականի ֆոնին այսօր Կառավարության ղեկավարն ասաց, որ ապօրինի հարստացած մարդիկ պետք է պատժվեն:

«Այն մարդիկ, ովքեր ապօրինի ճանապարհով են հարստացել` իշխանությունը, պատկան մարմինները կհետևեն այդ գործընթացներին և այդ խնդրին կտան լուծում: Իսկ ինչ վերաբերում է օրինական մարդկանց, ովքեր ունեն հարստություն, դրանց, իմ կարծիքով, այդ մասին խոսելը բարձրաձայն դա երկրի նկատմամբ դավաճանություն է», - հավելեց Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG