Մատչելիության հղումներ

Ցույց Ռուսաստանի դեսպանատան մոտ՝ Լևոն Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով


Ցուցարարները պահանջում էին օբյեկտիվ քննություն, արդարության վերականգնում։

«Ազատությո՛ւն Լևոն Հայրապետյանին», «Փոխե՛լ խափանման միջոցը» կոչերով այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ բողոքի երթ անցկացրեցին դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն։

Ապրիլի 14-ին մոսկովյան դատարանը ռուսաստանաբնակ հայազգի գործարար, բարերար, հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանին դատապարտեց 4 տարվա ազատազրկման՝ ցմահ ազատազրկման դատապարտված Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից խարդախությամբ 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքով։

Ցուցարարները դեսպանատանը փոխանցված նամակով պահանջեցին վերանայել կալանքի որոշումն ու ազատ արձակել Հայրապետյանին: «Մի հանցանքի համար, որը պարզ չէ և այդքան էլ մեծ չէ, տանել ու առողջությանը սպառնացող պայմաններում պահել, սրա մեջ ինչ-որ միտում կա, և մենք պահանջում ենք, որ այս միտումը չլինի։ Այսինքն՝ օբյեկտիվ քննություն, արդարության վերականգնում, մինչ այդ՝ հումանիստական մոտեցում հիվանդ մարդու նկատմամբ», - «Ազատության» հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը։

Մինչև ռուսական դեսպանատուն գնալը գործարարի աջակիցները նամակ հանձնեցին Հայաստանի արտգործնախարարությանը՝ պահանջելով «անհապաղ կապ հաստատել ռուսաստանցի գործընկերների հետ և ամեն խողովակով փորձել հասնել Լևոն Հայրապետյանի ազատ արձակմանը»: «Հույս ունենք այս ակցիայով, որ արտգործնախարարությունը գոնե այս հարցում տեղից կշարժվի և իր հյուպատոսական ծառայությամբ, այլ ծառայություններով հետամուտ կլինի մարդու տարրական իրավունքների, տարեց, բավական հիվանդ և մշտական խնամքի կարիք ունեցող մարդու խնդիրների հետապնդմանը», - ասաց ցուցարարներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները գործարարի ազատման համար ոչինչ չեն անում, քանի որ ժամանակին Հայրապետյանը քննադատել է նրանց՝ նաև կոռուպցիայի մեղադրանքներ ներկայացնելով:

«Սա նաև մեր Ազգային ժողովի, կառավարության, նախագահական ապարատի անգործության և ամենաթողության արդյունքն է, իրենք մինչև օրս մի հատ ծպտուն, մի ձայն չեն հանել։ Ամո՛թ իշխանություններին, ամո՛թ կառավարությանը, ամո՛թ այն պետական պաշտոնյաներին, որ այսօր ձայն չեն հանում և լռում են, ամո՛թ իրենց բոլորին», - ասաց մասնակիցներից մեկը։

Ակցիայի նախաձեռնողները հայտարարեցին, որ շարունակելու են բողոքի միջոցառումները, քանի դեռ Հայրապետյանը ազատ չի արձակվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG