Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլա և Արիֆ Յունուսները ժամանել են Նիդերլանդներ: Այս մասին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտնել է պաշտոնական Ամստերդամը:
«Ներկայումս նրանք իրենց դստեր՝ Դինարայի հետ են»,- մասնավորապես հայտարարել է Հոլանդիայի արտգործնախարար Բերտ Կունդերսը: Նրա խոսքով՝ Յունուսների ընտանիքը կարիք ունի միջազգային հանրության աջակցության:
«Լեյլան և Արիֆը իրենց սեփական բարեկեցությունն ու անվտանգությունն են վտանգել հանուն մարդու իրավունքների և ժողովրդավարության պայքարում: Նրանք պայքարել են, որպեսզի բարելավեն իրավիճակը Ադրբեջանում, և դա հիասքանչ է: Իրենց երկրում այդ մարդիկ խղճուկ կյանքով էին ապրում: Լավ է, որ այժմ՝ իրենց մղած երկար պայքարից հետո, նրանք կարող են հանգստանալ»,- ասել է հոլանդացի պաշտոնյան:
Նիդերլանդները, ինչպես և Եվրամիության մյուս երկրները, ջանքեր է գործադրել Յունուսների ընտանիքի ազատ արձակման գործում: «Յունուս ընտանիքի ճակատագիրը ցույց է տալիս, որ արդարության հասնելու համար միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի: Լուռ դիվանագիտությունը, անշուշտ, արդյունք տալիս է»,- ասել է Կունդերսը՝ Ադրբեջանի որոշումը գնահատելով «մարդասիրական քայլ»:
Լեյլա և Արիֆ Յունուս ամուսինները, ովքեր 2015 թվականի օգոստոսին դատապարտվել էին համապատասխանաբար 8.5 և 7 տարվա ազատազրկման, շուրջ երկու տարի բանտում են անցկացրել: 60-ամյա իրավապաշտպանները տառապում են մի շարք ծանր հիվանդություններով, որոնք է՛լ ավելի են սրվել բանտում գտնվելու ընթացքում: Ամիսներ շարունակ ադրբեջանական իշխանությունները թույլ չէին տալիս նրանց բուժում ստանալ արտասահմանում: