Մատչելիության հղումներ

«Կանչ» ֆիլմը փորձ է՝ «ստանդարտից դուրս» ներկայացնելու Ցեղասպանության թեման


Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը, արխիվ
Երևանի «Մոսկվա» կինոթատրոնը, արխիվ

«Ավագյան փրոդաքշն» (Avagyan Production) ընկերությունը` Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ դեռ անցյալ տարվանից սկսեց «Կանչ» խորագրով լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումները, և ահա մի քանի օր հետո՝ ապրիլի 20-ին տեղի կունենա ֆիլմի պրեմիերան Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ այնուհետև այն կցուցադրվի նաև մնացած բոլոր կինոթատրոններում:

Ֆիլմը Քեսաբի և Ադանայի կոտորածներից փրկված երկու պատանիների հետագա ճակատագրի ու դիմակայունության մասին է: Նրանք պարտադրված հայտնվում են թուրքական ռազմական վարժարանում, որտեղից էլ իրենց քաջության ու տոկունության շնորհիվ կարողանում են ի վերջո փախչել:

Ֆիլմի մտահղացումը Հայկ Ավագյանինն է, նա նաև կինոնկարի պրոդյուսերն է և «Ազատության» հետ զրույցի ընթացքում շեշտում էր, որ ֆիլմը բավական մեծ բյուջով է ստեղծվել, մեկ ժամ 16 րոպե տևողությամբ կինոնկարի նկարահանումները տեղի են ունեցել Արմավիրի մարզի Բագարան և Կոտայքի մարզի Բջնի գյուղերում:

Ֆիլմի բեմադրող ռեժիսորն է Գուժ Թադևոսյանը, սցենարիստները՝ Սամվել Թադևոսյանն ու Կարլեն Աբրահամյանը: Գլխավոր դերերում են Հենրիկ Շահբազյանը, Լևոն Վարդապետյանը, Անետա Օհանջանյանը:

«Ազատության» հետ զրույցում ֆիլմի պրոդյուսերը շեշտում էր․ - «Ինձ համար բաց դաշտ է պատանիների դաշտը: Սա արդեն իմ երկրորդ արտադրությունն է, որ թիրախային խումբը պատանիներն են ընտրվել, հետևաբար՝ մենք նաև չունեինք Ցեղասպանության թեմային անդրադարձ, որը որ պատանիներին ավելի կարող է համախմբել մի թեմայի շուրջ»:

«Ես չեմ ուզեցել՝ ուղղակի մենք ցույց տանք՝ մեզ եկան ստորացրեցին, սպանեցին, արյուն, տեսե՛ք, կին են սպանում էնտեղ, շարքերով գնում են․․․ Ստանդարտից դուրս ենք մենք փորձել էստեղ: Մեր մոտ չկա ոչ սպանություն, ոչ բռնություն, մեր մոտ կոնկրետ՝ հաղթանակ, հաղթանակով ենք մենք ի վերջո դուրս եկել, որովհետև եթե վերադառնանք Օսմանյան կայսրության ղեկավարությանը, որ պետք է թողներ մի հայի, էն էլ՝ թանգարանում, բայց հիմա մենք կանք․ պարզվում է, որ ծրագիրը չի իրագործվել», - շարունակեց Հայկ Ավագյանը: - «Դա կարելի է ոչ թե ցույց տալ՝ մեզ ստորացրեցին, կարելի է նաև՝ որ մենք պայքարում ենք, արդեն հարյուր տարի է անցել՝ մենք կանք, գոյատևում ենք և փորձում ենք մեր ձայնը բարձրացնել»:

Ֆիլմի սցենարիստ Սամվել Թադևոսյանը ևս հավաստիացնում է, որ ի տարբերություն Ցեղասպանությանը նվիրված այլ ֆիլմերի՝ իրենք այլ ճանապարհ են ընտրել․ - «Մենք ինչքան ֆիլմ որ նայում ենք Ցեղասպանության մասին, հարգանք բոլոր նահատակներին, բայց մենք միշտ լաց, նվվոց, կոտորած՝ այդ ենք տեսնում: Մեր ֆիլմում, այս ֆիլմում, երբեք այդպիսի տեսարան չկա՝ մի հատ կրակոց է հնչում, որ հերոսուհուն․․․ այն էլ այդ սպանությունն էլ ցույց չենք տալիս՝ մարմինն ենք ցույց տալիս գետնին ընկած: Ինչի՞ համար՝ որովհետև երբ անընդհատ էդ նույն հոգեվիճակում ես լինում, տեսակդ դառնում է այդպիսին, իսկ մեր հերոսը էդպիսին չի»:

«Այսինքն, մենք էս ֆիլմով ուզում ենք ասենք, որ էդ պատմական իրադարձությունները որ եղել են, դրա մեջ եղել են նաև քաջագործություններ, օրինակ՝ Վանի պաշտպանությունը, Զեյթունի, Մուսա լեռը, այսինքն՝ մենք առաջ ենք բերում էն կերպարը, որ բավական է լացենք, ասենք՝ թշնամին մեզ կոտորեց», - ընդգծեց կինոնկարի սցենարիստը՝ հավելելով․ - «Եվ այդ իմաստով, մենք հույսը դնում ենք մեր աճող, երիտասարդ սերնդի վրա, որ ինքն էլ ոգևորվի էս ֆիլմը նայելով, որ պետք չի լինել խեղճ, հալածական, այլ պիտի լինել առույգ և թշնամու դեմը կանգ առնել»:

«Ինձ թվում է՝ ցանկացած հայ պարտավոր է մշակութային այսպիսի աշխատանքներ նայելու, որ համախմբման գաղափարը ոչ թե ինքը իրենով հասկանա՝ ինչ պետք է անի, նաև ինքը հուշում ստանա մշակութային աշխատանքներից՝ ոնց կարելի է միանալ այս գաղափարին: Ես չեմ վախենա ասել, որ պարտավոր են բոլորը նայելու, կոնկրետ այս ֆիլմը պարտավոր են բոլորը նայել», - շեշտեց կինոնկարի պրոդյուսերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG