Մատչելիության հղումներ

«Դիրքեր ենք բարձրանում, չանհանգստանա'ք»


19-ամյա զինվոր Ժորա Եսայանի մոր հեռախոսազանգին ապրիլի 2-ի առավոտյան ադրբեջաներենով էին պատասխանել:

Դարբնիկում հարազատները, սիրած աղջիկն ու համագյուղացիները 10 օր շարունակ 19-ամյա Ժորայի մասին լուրի էին սպասում։ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած մարտերից հետո Ժորա Եսայանը 18 անհետ կորածների թվում էր։ Տղան վերջին անգամ ապրիլի 1-ին էր զանգել ու սովորականի նման հայտնել՝ «դիրքեր ենք բարձրանում, չանհանգստանա'ք»։ Ապրիլի 2-ի վաղ առավոտյան մոր հեռախոսազանգին արդեն ադրբեջաներենով էին պատասխանել։

«Երեխան զանգել ա ամսի 1-ին ժամը 22-ն անց 30 րոպե ու ասել ա՝ «մա՛մ ջան, գնում եմ պոստեր, չանհանգստանա'ք, ամեն ինչ շատ նորմալ ա»: Հետո առավոտյան 7-ին որ զարթնել ա մայրը, զանգել ա հեռախոսով՝ երեխի հետ կապ ունենալու համար, արդեն երեխեն չի վերցրել հեռախոսը, ինչ-որ թուրք ա վերցրել։ Պարզ ա եղել, որ հարձակում ա եղել», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Ժորայի մորաքույրը՝ Սուսաննա Գալոյանը:

Տղայի հայրն ու հորեղբայրը Ղարաբաղ էին մեկնել Ժորային գտնելու հույսով: Օրեր անց նրանց հայտնել էին՝ Ջաբրայիլում ծառայող Ժորան զոհվածների թվում է։ Հարազատները լսել են, որ զինվորին սպանել ու խոշտանգել են:

«Մինչև մեր երեխային բերեցին, դաժե երեխայի դեմքն էլ չենք տեսել ինչ վիճակում ա, մենակ իրա հորողբերն ա տեսել նրա վիճակը: Մենք չգիտենք, մեր երեխու դեմքն էլ չենք տեսել՝ 12-13 օր սպասելուց հետո», - ասաց Ժորա Եսայանի հորաքույրը՝ Սոնա Պետրոսյանը:

«Շատ աշխույժ, կյանքով լիքը, ասում էինք՝ «կարող ա՞ քեզ պատվոգիր տան որպես լավ ծառայող», ասում էր՝ «չէ, դո՛ւք պիտի պատվոգիր տաք, որ ինձ պահում են ընդեղ», ինքը շատ աշխույժ տղա ա եղել։ Շատ ռիսկով տղա էր, շատ, դրա համար սենց որ խոսում ենք, ասում ենք, զարմանում ենք՝ ո՞վ ա իրա դեմը դուրս եկել, որ ինքը չի կարացել մի բան անի», - ասաց Ժորայի տատիկը՝ Սոֆյա Գալոյանը: - «Շատ մեծ վիշտ էր, մեր ծնողները, հայ ծնողները ո՞նց պիտի դիմանան էս վշտին, էսքան զոհեր, էսքան բաներ»։

Եսայանները կիսախարխուլ տնակում են ապրում։ Բակում էլ հոր՝ Արթուր Եսայանի անսարք ավտոբուսն է կանգնած։ Գյուղի վարորդը հինգ հոգանոց ընտանիքի հոգսը դժվարությամբ էր հոգում, մինչև բանակ գնալը Ժորան և մյուս որդիներն էին օգնում, նաև հիվանդ մորը խնամում, պատմում են հարազատները։

«Մինչև ծառայությունը երկու եղբայրն են աշխատել իրանց հայրիկի հետ միասին՝ օրական 2000, ինչքան որ կտային, բանվոր են աշխատել ուրիշի ձեռքի տակ», - պատմեց հորաքույրը: - «Մի օր, երկու օր աշխատում ա, 10 օր մենակ սարքում ա էդ ավտոբուսը, ամեն շաբաթ իրա երեխաներին, չգիտես ինչ պայմաններում աշխատելով, երկու զինվորներին էլ՝ թե՛ պոստերում, թե՛ որտեղ կանգնած իրա երեխաներին, էն մի կտոր հացը ուղարկում էր, ինքը չէր ուտում»։

18-ամյա Արսենին եղբոր թաղման կապակցությամբ 10 օրով են տուն ուղարկել, սակայն, հարազատների խոսքով, տղան առայժմ ի վիճակի չէ մեկնել ծառայության։

«Ամեն վայրկյան ուշագնացություն իրա մոտ․․․ ես չգիտեմ՝ ինչ պետք ա լինի», - ասաց Սոնա Պետրոսյանը:

«Թող ազատեն, գոնե մոր կողքը կլինի, թիկունք կլնի, մորը թիկունք կլնի, պաշտպան կլնի: Էն մեկը իրա հայրենիքին պաշտպան եղավ, իրա ազգին պաշտպան եղավ, թող էս մեկն էլ իրա ընտանիքին, իրա մորը պաշտպան լինի», - ընդգծեց Սուսաննա Գալոյանը:

Մինչ բանակ զորակոչվելը Ժորան ու Արսենը սկսել էին տնակը վերակառուցել, նոր սենյակ էին ավելացրել։ Հիմա եղբայրների երազանքը Արսենը միայնակ պետք է իրագործի։

«Ի սկզբանե էս փոքր դոմիկն ա եղել, էս երկու տղան աշխատելով, օգնելով հայրիկին՝ էս մի փոքր մասը ավելացրել են, կիսատ թողելով գնացել են ծառայության, ամեն ինչը կիսատ թողելով», - ասաց հորաքույրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG