Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ամենամյա ավելի քան 3.5 ժամ տևած հեռուստակամրջի ընթացքում պատասխանել է հանրության հարցերին։
Աշխատավարձի պարտքի ու ռուբլու արժեզրկման խնդիրներով մտահոգ քաղաքացիներին Պուտինը հուսադրել է՝ նշելով, որ հաջորդ տարի ակնկալում են 1.4 տոկոս տնտեսական աճ։
Համաշխարհային զարգացումներին անդրադառնալով՝ ամենակոշտ մեկնաբանությունները Պուտինն արել է Թուրքիայի հասցեին, նշելով, որ այդ երկիրն այլևս անվտանգ չէ ռուս ճամփորդների համար, և փաստացի Թուրքիայի հարավում քաղաքացիական պատերազմ է։ Ռուսաստանի նախագահը նաև մեղադրել է Թուրքիայի կառավարությանը ահաբեկիչների դեմ պայքարելու փոխարեն նրանց աջակցելու մեջ։
Մի 12-ամյա աղջկա հարցին, թե ում կփրկեր, եթե միաժամանակ խորտակվեին Ռեջեփ Էրդողանը և Պետրո Պորոշենկոն, Ռուսաստանի նախագահը ուղիղ պատասխանից խուսափել է. - «Եթե ինչ-որ մեկը որոշել է խորտակվել, անհնար կլինի փրկել։ Բայց, իհարկե, մենք պատրաստ ենք բարեկամության և օգնության ձեռք մեկնել մեր գործընկերներից յուրաքանչյուրին, եթե նրանք դա ուզում են»։