Մատչելիության հղումներ

ԼՂ ՊՆ. Բաքուն արհեստականորեն սրում է իրադրությունը


ԼՂ Պաշտպանության բանակի զինվորը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, 8-ը ապրիլի, 2016 թ.
ԼՂ Պաշտպանության բանակի զինվորը մարտական հերթապահություն է իրականացնում շփման գծում, 8-ը ապրիլի, 2016 թ.

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական բանակի կրտսեր սերժանտ Ռուստամ Ահմեդովի՝ հայկական կողմի մեղքով զոհվելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած տեղեկատվությունը, այն որակելով «ոչ այլ ինչ, քան իրադրությունը արհեստականորեն սրելու նպատակ հետապնդող ապատեղեկատվություն»:

Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ օրվա ընթացքում Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման մասին ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը, բացառությամբ մի քանի խախտման դեպքերի, «որը կատարել է ոչ այլ ոք, քան հակառակորդը»: Մանավորապես, ըստ հաղորդագրության, ժամը 12:10-ի սահմաններում առաջնային գծի արևելյան (Մարտունի) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ ժամը 15:25-ի սահմաններում հարավարևելյան (Հադրութ) ուղղությամբ` ՀԱՆ-17 տիպի նռնականետ (6 արկ):

«Չի բացառվում նաև, որ զոհի վերաբերյալ տարածված հաղորդագրությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկսում է գաղտնազերծել ապրիլի 2-ից 5-ը տեղի ունեցած մարտերի ժամանակ իր հարյուրավոր կորուստների շարքը, որը մինչ այսօր դեռևս պահպանվում է հույժ գաղտնի: Իրենց ձախողված ռազմական ագրեսիան քողարկելու նպատակով նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրությունների տարածումը Ադրբեջանի ռազմական գերատեսչության կողմից առաջիկայում ևս սպասելի է», - ասված է հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG