Մատչելիության հղումներ

Հայոց կաթողիկոսները այցելեցին Շուշի


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում աղոթք բարձրացրին առ Աստված վիրավոր զինվորների առողջության համար:

Արարողությանը ներկա էին Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, բարձրաստիճան զինվորականներ ու հարյուրավոր քաղաքացիներ:

«Գոհաբանական աղոթք բարձրացրեցինք առ Աստված, որ հաղթանակով պսակեց հայրենյաց պաշտպան մեր զինվորների պայքարը Արցախ ներխուժած թշնամու դեմ՝ խափանելով մեր ժողովրդի ազատ ապրելու իրավունքին բռնանալու նրա դավադիր խորհուրդները», - ասաց Գարեգին Երկրորդը:

«Մեր արի հերոսները, մեր զինվորները իմացյալ մահով իրենց արյունը թափեցին ազատ ու անկախ Արցախի համար: Պատիվ մեր մայրերին, որոնք նման հերոսներ դաստիարակած են», - ասաց Արամ Առաջինը:

Սրբազան հայրերը ծաղիկներ դրեցին Շուշիում Վազգեն Սարգսյանի հուշարձանին:

Երեկ վիրավորված զինծառայողի վիճակը ծայրահեղ ծանր է

Հակառակորդի կրակոցից երեկ գլխի շրջանում ծանր վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալ:

Հոսպիտալի պետ, գնդապետ Զորի Սաղյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր․ - «Վիրահատությունը կատարվել է այսօր: Գտնվում է ապարատային շնչառության տակ»:

«Ազատության» հետ զրույցներում այստեղ բուժվող զինծառայողներն ասում էին, որ ապաքինվելուց հետո անպայման վերադառնալու են իրենց զորամասերը:

Գնդապետ Սաղյանը նույնպես վստահեցնում է, որ բուժումն ավարտած զինծառայողները կարող են վերադառնալ զորամասեր և լիարժեքորեն ծառայել․ - «Դուրս գրվողներ վիրավորներից արդեն կան, երեկ էլ ենք դուրս գրել, այսօր էլ: Անում ենք ամեն ինչ, որ բոլորը վերադառնան իրենց ծառայության վայրերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG