Մատչելիության հղումներ

Բեռլինը ներքին շրջանառության մեջ է դրել ղարաբաղյան կարգավորման փաստաթուղթ


ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական դիրքում, 5-ը ապրիլի, 2016թ․
ԼՂ ՊԲ զինծառայողները մարտական դիրքում, 5-ը ապրիլի, 2016թ․

Փաստաթղթի կարևոր դրույթներից մեկը կրակի դադարեցման ռեժիմը պահպանելն է։

Հայաստանում Գերմանիայի դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերը հաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Գերմանիան ներքին շրջանառության մեջ է դրել յոթ կետից կազմված մի փաստաթուղթ:

«Փաստաթղթում նշված են մի քանի հիմնական դրույթներ որոնցից կարևորը կրակի դադարեցման ռեժիմը պահպանելն է», - «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, ասել է դեսպանը, սակայն չի հստակեցրել առաջարկի մանրամասները: Պարզ չէ նաև՝ արդյոք այդ փաստաթուղթը քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։ Դեսպանն ասել է, թե այդ մասին տեղեկություն չունի:

Հիշեցնենք, որ 2016 թվականին ԵԱՀԿ-ն նախագահում է Գերմանիան:

Ղարաբաղում ապրիլյան վերջին բախումներից անմիջապես հետո ապրիլի 6-7-ը Հայաստանի նախագահը պաշտոնական այց կատարեց Գերմանիա։

Նա հանդիպումներ ունեցավ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Ապրիլի 7-ին The Wall Street Journal-ը գրել էր, թե Գերմանիան պլանավորում է ակտիվացնել ջանքերը Ղարաբաղի հակամարտությունը լուծելու ուղղությամբ։ Գերմանացի դիվանագետները ասել էին, թե ցանկանում են յոթ կետից կազմված պլան ներկայացնել՝ խաղաղ պաշտոնական բանակցությունների համար։

The Wall Street Journal-ը, վկայակոչելով բարձրաստիճան դիվանագետին, գրել էր, թե նոր պլանը ենթադրում է ակտիվացնել վաղուց հիմնադրված 11 երկրների աշխատանքը։

«Մինսկի խումբ կոչվող 11 երկրների գործունեության ակտիվացումը ենթադրում է ամրապնդել Ադրբեջանի և Հայաստանի միջև վստահությունը, մասնավորապես՝ ստեղծելով թեժ գիծ երկու երկրների կառավարությունների միջև, ուսումնասիրել փոխզիջումների պոտենցիալ կետերը և երկարատև խաղաղության համաձայնագրի բանակցություններ սկսել։ Ըստ էության, խոսքը երկխոսության մասին է, ինչպես նաև կայունության և վստահության մասին, որպեսզի ձեռք բերվի կայուն հրադադար, և գործընթացը մտնի բանակցային կարգավորման ուղի», - The Wall Street Journal-ին ասել էր Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնյան։

Սա տպագրվել էր ապրիլի 7-ին, իսկ երեկ Հայաստանում Գերմանիայի դեսպանն ասել է, որ Գերմանիան յոթ կետից կազմված փաստաթուղթ է մշակել և դրել ներքին շրջանառության մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG