Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Արզումանյան. Պետք է վերսկսել ղարաբաղյան բանակցությունները


Ալեքսանդր Արզումանյան, արխիվ
Ալեքսանդր Արզումանյան, արխիվ

Ըստ Հայաստանի նախկին արտգործնախարարի, ժամանակն է նաև բարձրաձայնել Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու հարցը։

Ի տարբերություն քաղաքական շատ գործիչների՝ Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, թե ղարաբաղյան բանակցությունները մոտ ապագայում կարող են վերսկսվել։

Քննարկվելիք փաստաթուղթը, ինչպես իր վերջին հարցազրույցում նշել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, վաղուց հայտնի է և կոչվում է «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման Մադրիդյան սկզբունքների հիման վրա մշակված և կողմերի միջև մեծամասամբ համաձայնեցված ծրագիր», որը պարունակում է թե՛ տարածքների վերադարձմանը, թե՛ խաղաղապահ ուժերի տեղակայմանը վերաբերող հոդվածներ։

«Ցավոք սրտի, զինադադարի դիմումը Ադրբեջանից եղավ այն պահին, երբ Ադրբեջանը գիտակցեց, որ չի կարողացել լուծել իր առջև դրված խնդիրները՝ ճեղքել մեր պաշտպանական գծերը և ինչ-որ ռեալ տարածքներ վերցնել, որպեսզի դա հրամցվեր որպես հաղթանակ և արդեն իսկ պարտադրում խաղաղության, և դիմեց Ռուսաստանի միջնորդությանը, և այդ միջնորդությունը ու ռազմական գործողությունների դադարեցումը եկավ հենց այն պահին, երբ արդեն Պաշտպանության բանակը ամբողջովին տիրապետում էր իրավիճակին և պատրաստ էր հարձակողական գործողություններ իրականացնել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արզումանյանը՝ շարունակելով․ - «Բայց, ինչևէ, հավանաբար այս վերջին աննախադեպ սրացումը պատգամ է, որ պետք է վերսկսել բանակցությունները, ժամանակն է մի քանի հարց բարձրաձայնել, Լեռնային Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի շուրջ սա առիթ է պնդելու և պահանջելու։ Այստեղ արդիականանում է նոր զինադադարի մասին խոսակցություններ կամ պայմանագրի ստորագրման հարցը, ինչը, եթե Ադրբեջանը այդպես ուզում է, պետք է դիմի Լեռնային Ղարաբաղին, կարծում եմ՝ Հայաստանը դեմ չի լինի, որ Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանը նոր պայմանագիր ստորագրեն»:

Արզումանյանը կարծում է, որ վերանայման կարիք ունեն նաև բանակցությունների առարկա Մադրիդյան սկզբունքները։

«Այդ սկզբունքները տասնամյա պատմություն ունեն։ Փորձը ցույց է տալիս, որ այլևս պլեբիսցիտ կամ ռեֆերենդում անցկացնելու դրույթը հնացած է, որովհետև այսօր խոսք կարող է գնալ Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին։ Ակնհայտ է, որ այդ մարդիկ իրենց ռեֆերենդումն անցկացրել են, անկախությունը հռչակել են, և անես ռեֆերենդում, չանես՝ արդյունքը մեկն է լինելու», - ընդգծեց Հայաստանի նախկին արտգործնախարարը։

«Այնտեղ խոսք է գնում նախկին Խորհրդային Միության ժամանակ անցկացված մարդահամարի մասին, այդ թվերն, իհարկե, նույնպես հայ բնակչությունը մշտապես եղել է բացարձակ մեծամասնություն, բայց այդ տրամաբանությունը հնացած է, այնպես որ՝ այս իրավիճակում կարելի է նաև վերաբանակցել Մադրիդյան սկզբունքները, բերել մեր արգումենտները և մտածել նոր փաթեթի մասին՝ հիմնված նույն համամարդկային սկզբունքների, միջազգայնորեն ընդունված նորմերի վրա, որոնք հաշվի կառնեն այսօրվա իրողությունը և այս չորսօրյա պատերազմի հետևանքները», - ասաց Ալեքսանդր Արզումանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG