«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանի կարծիքով, բացի ոստիկանությունից այս հրապարակումը պետք է ուսումնասիրեն նաև հարկային ու ազգային անվտանգության ծառայությունները․ - «Նախ՝ պարզելու նրա առնչված լինելը, որքանով է դա ճիշտ, որքանով հարկերից խուսափում է եղել: Միևնույն ժամանակ կա նաև ազգային անվտանգության խնդիր․ այսինքն, որքանով այդ ամենը կապված է նաև մեր երկրի անվտանգության հետ»:
«Հետք»-ը, հիշեցնենք, գրել էր, որ օֆշորային ընկերությունների գաղտնազերծված միլիոնավոր փաստաթղթերում կան նաև հայաստանցիների՝ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Պողոսյանը, ըստ հրապարակման, Պանամայում գրանցված երեք ընկերությունների բաժնետեր է, շվեյցարական բանկերից մեկում դրանցից երկուսի հաշվեհամարների կառավարման իրավասու միակ անձը: Ըստ հետաքննության, օֆշորային ընկերություններն են տնօրինում նաև Հայաստանում գրանցված կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում Պողոսյանի գլխավորած ԴԱՀԿ ծառայությանը:
Իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող փաստաբան Երվանդ Վարոսյանը հիշեցնում է նախկին օֆշորային սկանդալը, որում շրջանառվում էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի անունը: Այն ժամանակ, իրավապաշտպանի խոսքով, իրավապահ մարմիններն անհրաժեշտ քայլեր չձեռնարկեցին իրականությունը բացահայտելու համար․ - «Սա հենց ազգային անվտանգությանը վնասող և ազգային անվտանգությանը էապես հարվածող կոռուպցիայի դրսևորման տեսակն է: Նախկինում էլ շատ օֆշորների հետ կապված, ինչպես նաև այս կամ այն գույքերի ձեռքբերման, տիրապետելու, տնօրինելու հետ կապված հրապարակումներ մամուլում բազմաթիվ եղել են ու լինում են: Սակայն գործուն միջոցներ այդ ուղղությամբ, ես կարծում եմ, որ, այնուամենայնիվ, ձեռնարկված չեն, և հանրությանը հստակ պատասխան այդպես էլ տրված չէ այդ քննությունների արդյունքում․․․ Ես կարծում եմ, հատկապես այս օրերին մենք պիտի մեր մեջ բոլորս ուժ գտնենք, ինչ-որ գիծ քաշենք և այսուհետ գոնե հասկանանք, որ այս ամենը մեզ լավ բանի չի հանգեցնի»:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլը» ԴԱՀԿ ծառայության ղեկավարի վերաբերյալ հրապարակման առնչությամբ դիմել էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: «Ազատությանը» հանձնաժողովից տեղեկացրին, որ ուսումնասիրում են դիմումը և դեռ վարույթ չեն հարուցել:
Հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավարի խոսքով, սակայն, Բաղրամյան 26-ում գործող Էթիկայի հանձնաժողովը պատժիչ գործառույթներ չունի, և առավել կարևոր է հենց իրավապահ մարմինների աշխատանքը:
«Սա կլինի այն լակմուսի թուղթը, որը ցույց կտա, թե որքանով մեր այս իշխանությունների ցանկությունը իսկապես սանձելու կոռուպցիան իսկապես լուրջ է։ Վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում ցույց են տալիս, որ մենք իսկապես պետք է շատ ավելի ցածր մակարդակի կոռուպցիա ունեցող երկիր ունենանք: Որովհետև միայն այդպես մենք կարող ենք այս տարածաշրջանում գոյատևել», - ասաց Վարուժան Հոկտանյանը:
Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանն օրեր առաջ հայտարարել էր, թե կուսումնասիրեն ԴԱՀԿ ծառայության պետի՝ օֆշորում ընկերություններ ունենալու վերաբերյալ տեղեկությունները, որպեսզի պարզեն, թե արդյոք եղել են հարկերի վճարումից խուսափելու դեպքեր: Այսօր ՊԵԿ-ից նոր զարգացումների մասին չտեղեկացրին:
ԴԱՀԿ ծառայության ղեկավարը պաշտոնը զբաղեցնելուց հետո մշտապես ժխտել է որևէ բիզնեսի հետ կապ ունենալու լուրերը: «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ ԴԱՀԿԾ մամուլի ծառայությունից ժխտել էին, թե Պողոսյանը որևէ կապ ունի օֆշորային ընկերությունների հետ: