Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժում է ստանում ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված 39 զինվորական, որոնցից երեքը Երկրապահ կամավորական միության անդամներ են։
Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը լրագրողներին հայտնեց, որ զինծառայողներից երեքի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, իսկ Հայկ Թորոսյանը դուրս է եկել կրիտիկական վիճակից։ «Ծայրահեղ ծանրից արդեն բարելավվել է, ճիշտ է վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն է արդեն և ավելի հուսադրող», - ասաց Խաչատրյանը՝ հավելելով. - «Վերակենդանացման բաժանմունքում գտնվում են թվով յոթ վիրավոր զինծառայողներ, որոնցից երեքի վիճակն է շարունակում մնալ ծայրահեղ ծանր, չորսը ծանր-կայուն են»։
Հոսպիտալի պետի տեղակալի խոսքով՝ երեկ Ստեփանակերտից ևս մեկ վիրավոր է տեղափոխվել հոսպիտալ, այս օրերին նոր վիրավորների չեն սպասում։ Խաչատրյանն ասաց, որ դեռևս վաղ է խոսել զինծառայողների դուրս գրման մասին։ «Հիմա դժվար է ասել, թե երբ դուրս կգրվեն, երբ որ ապաքինվեն։ Հիմա դժվար է ասել նաև, թե քանիսն են դառնալու հաշմանդամ կամ չեն դառնալու, դա կերևա բուժման արդյունքից հետո», - ասաց Խաչատրյանը։
Հոսպիտալի պետի տեղակալի խոսքով՝ այս շաբաթ զինծառայողներից մի քանիսը կվիրահատվեն, այդ թվում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայողներից մեկը, ում ողնաշարում բեկոր է մնացել։
Զինծառայողներից Ավետ Ծատուրյանի մայրը «Ազատության»-ը պատմեց, որ որդուն արդեն երրորդ անգամ պետք է վիրահատեն։ Ավետը վիրավորվել է ապրիլի 2-ի լուսադեմին՝ Թալիշում տեղի ունեցած մարտերի ժամանակ։ «Առաջին անգամ Ստեփանակերտում են վիրահատել, հետո բերել են Սիսիանի հոսպիտալ, հետո բերել են ստեղ։ Ձեռքը բաց է, նորից պիտի նյարդերը բուժեն, ոսկորներ կան ջարդված։ Հինգշաբթի օրը պիտի նորից վիրահատեն։ Վիրահատությունից հետո կերևա՝ ինչ վիճակ է», - ասաց մայրը։
Զինծառայողների բուժումը շարունակվում է նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետական հիվանդանոցում և Կենտրոնական հոսպիտալում։ Ստեփանակերտի Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Զորի Սաղյանի խոսքով` ծանր վիճակում գտնվող մի զինվորի երեկ տեղափոխել են Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Մյուսների վիճակը, ըստ Սաղյանի, գնահատվում է բավարար։ «Մեզ մոտ հիմա պառկած են մի շարք վիրավորներ, բոլորի վիճակը բավարար է։ Մեկ-երկու օր հետո արդեն սկսում ենք լավացած, բուժված զինծառայողների դուրս գրումը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սաղյանը։