Մատչելիության հղումներ

ԼՂ կառավարության կողմից անցկացվող դրամահավաքի արդյունքում արդեն 3մլն դոլար է հավաքվել


«Մեր զինվորին անհրաժեշտ տեխնիկական համալրմամբ օգտակար լինելու խնդիր ունենք», - ասում է Ղարաբաղի փոխվարչապետը:

Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից անցկացվող դրամահավաքի արդյունքում արդեն մոտ երեք միլիոն դոլար է հավաքվել։

Ղարաբաղի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս միջոցները ամբողջովին ուղղվելու են Պաշտպանության բանակի սպառազինության արդիականացմանը։

Աղաբեկյանի խոսքով, իրենք հույս ունեն, որ աշխարհի հայերը ավելին կարող են հավաքել, ուստի դրամահավաքը դեռ շարունակվելու է։

«Մեր զինվորին անհրաժեշտ տեխնիկական համալրմամբ օգտակար լինելու խնդիր ունենք», - ասաց նա։

Դրամահավաքի արդյունքների և փոխանցված գումարների չափի մասին տեղեկատվության կարելի է ստանալ Ղարաբաղի ֆինանսների նախարարության կայքում։ Աղաբեկյանի խոսքով` փորձում են դրամահավաքը թափանցիկ անցկացնել, բայց ծախսը չեն կարող նույն կերպ թափանցիկ ներկայացնել, քանի որ արդիական սպառազինություն են ձեռք բերելու։

Առաջիկա օրերին հնարավոր է հեռուստամարաթոն էլ անցկացնեն. փոխվարչապետի խոսքով, եթե պետք լինի` գումար հավաքելու համար բոլոր գործիքներին կդիմեն, քանի որ բյուջետային միջոցները չեն կարող հերիքել։

Պատերազմական գործողությունների մեկնարկին Ղարաբաղի կառավարությունում օպերատիվ շտաբ է ստեղծվել. Աղաբեկյանը պատմեց, որ իրենց հենց սկզբից շատ էին զանգում, դիմում, ցանկանում էին օգնել, սկսեցին համակարգել նաև այդ աշխատանքը, մեծ էր նյութական օգնությունը։ Համակարգել են նաև կամավորականների հարցը՝ զինված ուժերի հետ համագործակցելով։

Պատերազմական գործողությունների ընթացքում, նրա խոսքով, մեծ տարհանման անհրաժեշտություն չի եղել, միայն հյուսիսում` Թալիշ և Մատաղիս գյուղերն են տարհանել, քանի որ առաջնագծին մոտ էին։ Հիմնականում հենց այս երկու գյուղերն են հրետակոծությունից տուժել։ Հրետակոծվել են նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքները, ինչը, Աղաբեկյանի խոսքով, անսպասելի էր։

«Քաղաքաշինության նախարարությունը արդեն զբաղվում է, գնահատում են վնասը, որպեսզի վերականգնման աշխատանքները սկսեն», - ասաց նա։

Թալիշում և Մատաղիսում մեծ վնասներ էին հասցվել նաև էլեկտրամատակարարման համակարգին, այն արդեն մասամբ վերականգնվել է, առաջիկա օրերին, ըստ փոխվարչապետի, կփորձեն տարհանված բնակիչներին հետ տեղափոխել գյուղեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG