Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսում ավելանում է Ալիևից պատասխան պահանջող կոնգրեսականների ու սենատորների թիվը


ԱՄՆ օրենսդիր մարմնում օրըստօրե ակտիվանում են ապրիլի 1-ից ի վեր Ադրբեջանի գործողությունները դատապարտելու` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, պետքարտուղարությանն ուղղված կոչերը:

Վաշինգտոնի Հայ դատի հանձնախմբի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ եթե ապրիլի 1-ին հայկական կողմի վրա ադրբեջանական հարձակումների կապակցությամբ կոշտ հայտարարություններ էին հնչեցրել ներկայացուցիչների պալատի 4 անդամներ, այժմ նրանց թիվը հասել է 12-ի:

«Ադրբեջանի հարձակումներից մի քանի ժամ անց արդեն իսկ առաջին 4 կոնգրեսականները դատապարտող հայտարարություններով հանդես եկան և կոչ ուղղեցին, որ շատ հստակ քայլեր պետք է արվեն` դիպուկահարներին վերացնել, հավելյալ դիտորդներ դնել և ի վերջո` պետք է մեխանիզմները դնել, որ հստակ լինի, թե ով է սկսողը այս հարձակումները: Հիմա՝ 5 օր անց, այս թիվը աճել է. 12 կոնգրեսական և սենատոր իրենց խոսքն են ասում, այդ թվում՝ Մարկ Քըրքը», - մանրամասնեց Չուլջյանը:

Սենատի արտաքին հատկացումների հանձնաժողովի ներկայացուցիչ Մարկ Քըրքը, Հայ դատի հանձնախմբի հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի հարձակումը որակել է «անընդունելի և անխոհեմ»` նշելով, որ Բաքվի ռազմատենչությունը հանգեցրել է բազմաթիվ հայերի մահվան՝ զինվորականների և քաղաքացիական անձանց, ինչպես նաև ադրբեջանցիների զոհերի:

Էլիզաբեթ Չուլջյանը նշեց, որ Հայ դատի հանձնախումբն ակնկալում է, որ այս հարցերի կապակցությամբ առաջիկայում տեղի կունենան լսումներ: Հայ դատի հանձնախումբը քննարկում է լսումների հավանականության հարցը, խորհրդակցություններ է իրականացնում սենատորների և կոնգրեսականների հետ:

ԱՄՆ սենատորներն ու կոնգրեսականները հորդորում են անհապաղ իրականացնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի, մեկ այլ ազդեցիկ կոնգրեսական Էլիոթ Ինգըլի առաջարկները, նշել է Հայ դատի հանձնախումբը՝ այսօր հրապարակած հաղորդագրությամբ:

Ըստ հաղորդագրության, Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է Ներկայացուցիչների պալատի անդամների հորդորները:

Արամ Համբարյանն Ադրբեջանի իրականացրած քայլերը որակել է «պատերազմական հանցագործություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG