Մատչելիության հղումներ

Մեդվեդև․ «Հակամարտության թեժացումը ողբերգական հետևանքների կհանգեցնի»


Հովիկ Աբրահամյան և Դմիտրի Մեդվեդև, Երևան, 7-ը ապրիլի, 2016թ․
Հովիկ Աբրահամյան և Դմիտրի Մեդվեդև, Երևան, 7-ը ապրիլի, 2016թ․

ՌԴ վարչապետի հավաստմամբ, Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի «վստահելի գործընկերն ու ընկերը»:

Երևանում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ բանակցություններից հետո Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց՝ հուսով ենք, որ Ղարաբաղում կպահպանվի կրակի դադարեցման ռեժիմը և կվերսկսվի քաղաքական գործընթնացը:

«Չէինք կարող չքննարկել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը: Երեկոյան այս հարցը քննարկելու ենք նաև Հայաստանի նախագահի հետ: Այս իրավիճակը հարուցել է մեր լրջագույն անհանգստությունը: Հուսով ենք, որ կպահպանվի կրակի դադարեցման ռեժիմը և հուսով ենք, որ կվերսկսվի քաղաքական գործընթնացը: Դրանում լուրջ ներդրումներ են արվել, որպեսզի կարգավորմամբ զբաղվեն դիվանագետները, ոչ թե ռազմական գործիչները: ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել, օգտագործել իր ազդեցությունը: Գործող մեխանիզմին [ԵԱՀԿ ՄԽ շրջանակում] այլընտրանք չկա: Ամենագլխավորը՝ բացառելն է, որ հակամարտությունը մտնի թեժ փուլ, որովհետև դա տարածաշրջանի համար կունենա ողբերգական հետևանքներ: Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի վստահելի գործընկերն ու ընկերը»:

Նշենք, որ Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում է նաև «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը: Խոսելով ձեռք բերված էներգետիկ համաձայնությունների մասին, ՌԴ վարչապետն ասաց՝ «Պայմանավորվել ենք էներգետիկ հարցերի շուրջ, ներառյալ՝ գազի մատակարարման հետ կապված հարցը, ինչը շատ կարևոր է Հայաստանում էներգետիկ սպառման կայունության տեսանկյունից և Հայաստանի ընդհանուր զարգացման առումով»:

Հովիկ Աբրահամյան «Եթե իրենք ցանկություն ու հնարավորություն ունեն զենք գնելու, գնելու են: Եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կամ Իսրայելից»

Գազի նոր գինը հնչեցրեց Հայաստանի վարչապետը՝ 1000 խորանարդ մետրը սահմանին կարժենա 150 դոլար: Մեդեվևին ճանապարհելուց հետո, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

Հարց - Լավրովն ասել էր, որ բանակցային սեղանին ինչ-որ այլ համաձայնագիր կա, ի՞նչ համաձայնագրի մասին է խոսքը:

Հովիկ Աբրահամյան- Ոչ մի համաձայնագրի մասին տեղյակ չենք, մենք որևէ անհիմն խոսակցության չենք ուզում պատասխանել, կարևորը՝ մենք այսօր շատ կարևոր փաստաթղթեր ստորագրեցինք Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի հետ, և կարծում եմ՝ դրա մասին վաղը, մյուս օրը կխոսենք ավելի մանրամասն և մամուլին կտանք տեղեկատվություն:

Հարց- Գազի գինը որոշեցիք՞:

Հովիկ Աբրահամյան- Գազի գինը ստորագրեցինք 150 դոլար, 165 դոլարի փոխարեն [1000 խմ-ի դիմաց], այո, սահմանին:

Հարց- Սպառողի համա՞ր:

Հովիկ Աբրահամյան- Հիմա կքննարկենք, պատկան մարմինները կքննարկեն և այդ հարցի հետ կապված մենք մեր հանրությաւնը տեղեկություն կտրամադրենք:

Հարց- Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի մասին հարցը բարձրացվե՞լ է:

Հովիկ Աբրահամյան- Եթե մարդիկ հնարավորություն ունեն զնեք վաճառելու, մարդիկ հնարավորություն ունեն զենք գնելու․․․ եթե դուք ուզում եք, որ Թուրքիայից գնեն․․․ամեն դեպքում՝ եթե իրենք ցանկություն ունեն, հնարավորություն ունեն զենք գնելու, գնելու են: Եթե ոչ Ռուսաստանից, ապա Թուրքիայից կամ Իսրայելից:

Հարց – Դուք ի վերջո մեկնելու՞ եք Մոսկվա՝ մասնակցելու ԵՏՄ անդամ երկրների վարչապետների հավաքին, որը պիտի կայանար Երևանում, սակայն, չեղարկվեց:

Հովիկ Աբրահամյան- Դուք նկատեցիք, որ Ռուսաստանի կառավարության նախագահը նույնպես այդ հարցը հնչեցրեց, և մենք պայմանավորվել ենք, որ առաջիկա 2-3 ամսում այդ խորհուրդն անցկացնելու ենք Երևանում: Մենք այսօր երեկոյան մանրամասն կխոսենք իմ մասնակցության մասին: Որոշում դեռ չենք կայացրել, կքննարկենք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG