Մատչելիության հղումներ

Հրադադարի խախտումներ թե՛ շփման գծում, թե՛ Հայաստանի սահմանին


Լեռնային Ղարաբաղ – ԼՂ Պաշտպանության բանակի զինծառայողները նախաճաշում են Մատաղաս գյուղի մոտակայքում գտնվող իրենց դիրքերում, 6-ը ապրիլի, 2016թ.
Լեռնային Ղարաբաղ – ԼՂ Պաշտպանության բանակի զինծառայողները նախաճաշում են Մատաղաս գյուղի մոտակայքում գտնվող իրենց դիրքերում, 6-ը ապրիլի, 2016թ.

Պաշտպանության բանակի հաղորդմամբ գիշերվա ընթացքում Ադրբեջանը բազմիցս խախտել է նախօրեին ձեռք բերված պայմանավորվածությունը. ականանետի կրակից զոհվել է Պաշտպանության բանակի 42-ամյա պայմանագրային զինծառայող:

Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի փոխանցմամբ` Թալիշի հատվածում հակառակորդը հետախուզադիվերսիոն գործողության երկու փորձ է արել, իրավիճակն այս պահին վերահսկելի է:

«Հակառակորդը շարունակել է հրադադարի ռեժիմի խախտումները: Ճիշտ է` այն ծավալով չէ, ինչ եղել էր պատերազմի ժամանակ, բայց ընդհանուր առմամբ` շարունակել է այդ խախտումները», - «Ազատության» հետ զրույցում ասաց ԼՂ նախագահի խոսնակը:

Բաբայանի խոսքով` հակառակորդի կրակի տակ է հայտնվել նաև շտապօգնության մեքենան, որը խոցվել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ, տուժածներ չկան:

ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան
ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայան

«Բարեբախտաբար անձնակազմը մեջը չէր` նրանք դրսում էին և փորձում էին իրենց մասնագիտական պարտականությունները իրականացնել, և այդ պահին թռչող սարքը տվել է տեղեկությունը և նրանք խոցել են: Այսինքն` գիտեին, որ դա շտապօգնության մեքենա է` տարբերանշաններով, գույներով: Այնտեղ գրված էր ոչ միայն հայերեն և ռուսերեն», - նշեց նա` շարունակելով. - «Սա Ժնևյան կոնվենցիաների կոպիտ խախտում է, մարդասիրական նորմերի կոպիտ խախտում է և ահաբեկչության դրսևորում է», - ասաց Բաբայանը։

Պաշտպանության բանակի վերջին տվյալներով ապրիլի 2-ից սկսված քառօրյա թեժ մարտերի ընթացքում հայկական կողմը ունեցել է 32 զոհ, 121 վիրավոր, 25 զինծառայող էլ շարունակում է մնալ անհետ կորած:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն էլ հաղորդում է, որ երեկ լարված է եղել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, Ադրբեջանը հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ավելի քան 12 ժամ ակտիվ կրակոցներ է վարել Վարդենիս քաղաքի ուղղությամբ տեղակայված հայկական ստորաբաժանումների ու բնակավայրերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյան

«Մինչև ուշ գիշեր որոշակի կրակոցներ են եղել: Հիմնականում թիրախային կրակոցներ չեն եղել, դրանք դեռ կպարզվի բոլորը: Մենք այդ մասին հաղորդել ենք` հայկական զինված ուժերը աշխատել են պահպանել զինադադարի պայմանավորվածությունը», - այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` ընդգծելով, որ Պաշտպանության բանակը կամավորների անհրաժեշտություն այս պահին չունի, բոլոր ստորաբաժանումները համալրված են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG