Միացյալ Նահանգներում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը միջազգային հարաբերությունները լուսաբանող ամենահեղինակավոր պարբերականներից մեկին` Foreign Policy-ին տված հարցազրույցի զգալի մասը նվիրել է Քիմ Քարդաշյանին ուղղված խիստ քննադատությանը: Պատճառը Քարդաշյանի ակտիվությունն էր սոցիալական ցանցերում` մասնավորաբար Instagram-ում նրա գրառումը, որը հավանել էր շուրջ 520 հազար մարդ: «Աղոթում ենք Հայաստանում և աշխարհում ապրող բոլոր մարդկանց համար», - գրել էր Քարդաշյանը` իր գրառումն ուղեկցելով հայկական բանակի մարտական ուղղաթիռները պատկերող լուսանկարներով:
«Նա շատ հայտնի և իր երկրպագուների կողմից սիրված անձ է իհարկե, սակայն խաղաղության և պատերազմի հարցերը փոքր-ինչ լուրջ թեմաներ են ռեալիթի շոուի աստղի համար», - Foreign Policy-ին տված հեռախոսային հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի դեսպանը՝ հավելելով․ - «Անձամբ ես հեռուստատեսային շատ վատ աստղ կլինեի, ուստի փորձում եմ զբաղվել այն գործով, որին ավելի քաջածանոթ եմ: Ընդհանրապես, համոզված չեմ, թե տիկին Քարդաշյանը ռազմական կամ քաղաքական փորձագետ է»:
Foreign Policy-ի լրագրողները նշում են, որ Քարդաշյանից ևս փորձել են մենաբանություններ ստանալ Ադրբեջանի դեսպանի հայտարարությունների առթիվ, սակայն աստղի հանրային կապերի պատասխանատուն հրաժարվել է որևէ կերպ արձագանքել Քիմ Քարդաշյանի հասցեին հնչող քննադատությանը:
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանի մյուս թիրախը Լոս Անջելեսից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն է, ով ռազմական գործողությունների մեկնարկից հաշվված ժամեր անց հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` Ադրբեջանի գործողությունները անվանելով «ագրեսիա ընդդեմ Լեռնային Ղարաբաղի` իրականացված զգալի ռազմական հարձակման միջոցով»:
Հակադարձելով Շիֆի հայտարարությանը` ադրբեջանցի դիվանագետը նշում է․ - «Շիֆը պարզապես պարտական է իր [հայ] ընտրազանգվածին: Նրա արտահայտած կարծիքը Միացյալ Նահանգների պաշտոնական տեսակետը չէ: Նման մոտեցումը հիմնված չէ որևէ անկողմնակալ գնահատականի վրա»:
Ի տարբերությունը Քիմ Քարդաշյանի` կոնգրեսական Ադամ Շիֆը չի զլացել պատասխանել Foreign Policy-ի հարցերին` կոշտ քննադատության ենթարկելով Ադրբեջանի դեսպանին: Շիֆի կարծիքով, Ադրբեջանի ագրեսիվ գործելաոճի ապացույցներից մեկը շփման գծի երկայնքով հատուկ վերահսկող սարքեր տեղադրելու մասին ավելի վաղ հնչեցված գաղափարին Բաքվի կոշտ հակազդեցությունն է:
«Ռազմական գործողություններ հրահրող կողմը չի ցանկանում առերեսվել իր ագրեսիվ գործելաոճի ապացույցներին», - նշել է Շիֆը Foreign Policy-ի հետ զրույցում: