Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյան. Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի


Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին:

ՀՀ նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր` հանգամանորեն անդրադառնալով ԼՂ հակամարտության շփման գծում իրադրությանը:

Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են համատեղ մամուլի ասուլիսում, որի ընթացքում Հայաստանի նախագահը, մասնավորապես, խոսել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում վերջին օրերին ստեղծված իրադրության մասին:

«Բնականաբար, այս օրերին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի զինված լայնածավալ հարձակման արդյունքում ստեղծված իրադրության պայմաններում մեր քննարկումների մի մասը նվիրված էր հիշյալ խնդրին: Ես կանցլեր Մերկելին հանգամանորեն տեղեկացրեցի վերջին օրերի զարգացումների մասին», - նշել է Սերժ Սարգսյանը` շարունակելով. - «Հայաստանը բարձր է գնահատում ԵԱՀԿ գերմանական նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող ղարաբաղյան կարգավորման գործընթացին: Դեռևս տարեսկզբին Գերմանիան վերահաստատեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմի ստեղծման առաջարկը: Հայաստանը մշտապես կողմ է եղել դրան, ինչպես նաև, որպես վստահության ամրապնդման միջոց կամ կայունություն ապահովող միջոց, շփման գծից դիպուկահարներին հետ քաշելու առաջարկներին: Սակայն դրանք այդպես էլ չկենսագործվեցին. Ադրբեջանը կտրականապես դեմ է վստահության հաստատմանն ուղղված միջոցառումներին՝ հետամուտ լինելով բոլորովին այլ նպատակների։

Եվ այդ նպատակները վերջնականապես բացահայտվեցին ս.թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը: Անտեսելով միջազգային հանրության՝ խաղաղությանն ուղղված ավելի քան 20 տարիների ջանքերը, Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծի ողջ երկայնքով լայնածավալ ռազմական գործողություններ սկսեցին: Փաստացի իրականացրեցին զինադադարից ի վեր մասշտաբներով աննախադեպ, նաև խաղաղ բնակչության դեմ ուղղված հարձակում։ Արդյունքում Ադրբեջանը կրկին տարածաշրջանը վերածեց Եվրոպայի անվտանգությանը սպառնացող թեժ կետի»։

Հայաստանի նախագահը նաև անդրադարձել է ղարաբաղյան հակամարտության բուն էությանը` պարզաբանելով. - «Ղարաբաղի ժողովուրդը չի ցանկանում պատերազմ, այլ ուզում է պարզ և հասկանալի մի բան, որի համար միշտ պայքարել են գաղութացված բոլոր ժողովուրդները: Նրանք ուզում են ինքնուրույն տնօրինել իրենց ճակատագիրը և ազատ կերտել իրենց ապագան: Նրանք ցանկանում են, որ իրենց երեխաները խաղաղ և երջանիկ մանկություն ունենան, ուզում են ապրել ժողովրդավարական պետության մեջ: Նրանք այլ ցանկություն չունեն:

Արդեն շուրջ երեսուն տարի` 1988-ից ի վեր, նրանք ամեն օր ստիպված են պայքարել այդ ազատության համար, ամեն օր ապացուցել այլ ժողովուրդների հետ իրենց իրավունքների հավասարությունը: Եվ նրանց իրոք հաջողվեց պարտադրված պատերազմի, ապօրինի շրջափակման և փխրուն զինադադարի անվերջ խախտումների պայմաններում անել այդ ուղղությամբ ճիշտ քայլեր: Նրանք միջազգային հանրությունից ակնկալում են միայն մեկ բան` իրենց այդ իրավունքի ճանաչում»:

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնել Գերմանիայի կառավարությանը և կանցլեր Անգելա Մերկելին` Հայաստան-Եվրամիություն երկխոսությանը հետևողականորեն աջակցելու համար` ընդգծելով. - «Դա կենսական է մեզ համար՝ որպես եվրոպական արժեհամակարգի կրող ու հետևորդ ժողովուրդ»։

Հայաստանի նախագահը հիշեցրել է, որ Գերմանիան Հայաստանի երկրորդ, իսկ ԵՄ երկրների շարքում՝ առաջին առևտրային գործընկերն է ու հավելել, որ օրեր անց Երևանում կկայանա Գերմանիայի տնտեսական միության ներկայացուցչության բացումը, ինչը, ըստ Սերժ Սարգսյանի` «վկայում է խոստումնալից տնտեսական ներուժի մասին»։ Նախագահ Սարգսյանը հատուկ նշել է Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին ցուցաբերվող աջակցությունը, որպես օրինակ նշելով Հայաստանում իրականացվող սահմանադրական բարեփոխումների գործընթացին միջազգային փորձի ներգրավման հարցում Գերմանիայի կառավարության կողմից ցուցաբերված հետևողական օգնությունը:

«Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ ասել, որ հայկական կողմը կանի հնարավորը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկամական կապերի ամրապնդման: Հույս եմ հայտնում նաև, որ Գերմանիայի ղեկավարության հետ իմ հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում», - եզրափակել է Սերժ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG