Մատչելիության հղումներ

Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ Ադրբեջանը պետք է բանակցի ԼՂ-ի հետ


Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը շատ վտանգավոր է համարում Ռուսաստանից հնչող հայտարարությունները, թե զինադադարի մասին նոր պայմանագիր պետք է ստորագրվի:

Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ թիվ մեկ խնդիրն այսօր հակառակորդին խաղաղություն պարտադրելն է․ - «Եթե մենք խոսում ենք զինադադարի մասին, ոչ թե պետք է խոսենք նոր զինադադարի մասին, այլ պետք է զորքերը բոլորը հետ տանեն այն պահին, որոնք եղել են ապրիլի 1-ի առավոտյան: Այսինքն՝ համապատասխան 1994 թվականի մայիսի 12-ի զինադադարի»:

Գիշերը Լեռնային Ղարաբաղից վերադարձած Նիկոլ Փաշինյանը փոխանցեց ղարաբաղցիների տրամադրությունները, այն է՝ Ադրբեջանը պետք է կրի տարածքային լուրջ կորուստներ․ - «Որպեսզի գոնե մենք երաշխիք ունենանք, որ [Ադրբեջանի] այդ իշխանությունը, Ալիևը շոկից մի տարի դուրս չի գա: Իրավիճակն այնպիսին է, որ այսօր զինադադար արեցինք, կարող է, ասենք, երեք օր կամ չորս օր կտևի»:

Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը շատ վտանգավոր է համարում Ռուսաստանից հնչող հայտարարությունները, թե զինադադարի մասին նոր պայմանագիր պետք է ստորագրվի․ - «Զինադադարի պայմանագիրը ստորագրվել է, որևէ խնդիր մենք դրա հետ չունենք: Եթե առաջարկ է արվում Ադրբեջան - Լեռնային Ղարաբաղ նոր պայմանագրի, ես դրան կողմ եմ: Բայց Հայաստանը այստեղ որևէ անելիք չունի»:

Էդուարդ Շարմազանովը կարևոր է համարում միջազգային հանրության հասցեական գնահատականները, ընդհուպ պատժամիջոցների կիրառումը․ - «Ադրբեջանը այն պետությունն է, որի նկատմամբ պետք է կիրառել սանկցիաներ»:

Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, միջնորդների պարագայում ընդունված է հասցեական հայտարարություններ չանելը, որպեսզի կարողանան աշխատել երկու կողմերի հետ էլ: Նա անդրադարձավ նաև անցած գիշերը հակառակորդի կիրառած ծանր զինտեխնիկային, այդ թվում՝ ռուսաստանյան արտադրության «Սմերչ» համակարգին․ - «Երբ մեր ստրատեգիական բարեկամը վաճառում են «Սմերչ»-ը, մենք ասում էինք, որ դա պատից կախած հրացան է, ինչ-որ պահի կրակելու է: «Սմերչ»-ը հո չէի՞ն տանում, որ նավթ տեղափոխեն: «Սմենչ»-ը տանում էին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վրա կրակեն: Եվ եթե մեկը դա չէր հասկանում, հիմա երևի թե հասկանում է: Իրենք տվել են, իրենք էլ թող զբաղվեն, կոչ անեն, որ այդ ահավոր զենքը չկիրառվի խաղաղ բնակիչների դեմ»:

Այս զինատեսակի կիրառությունը Արմեն Ռուստամյանը որակեց «պատերազմի մասշտաբները մեծացնելու փորձ»․ - «Իրենք հիմա, հասկանալով, որ մարդուժի կորուստներ են տալիս, սկսել են տեխնիկա օգտագործել ավելի շատ: «Սմերչ» է կիրառվել, այսինքն մասսայական ոչնչացման զենքեր են արդեն փորձում կիրառել՝ կամաց-կամաց ընդլայնելով մասշտաբները և գոտին պատերազմական, որը շատ վտանգավոր է»:

Ռուստամյանը կարևոր է համարում փաստերով ապացուցելը, որ պատերազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը․ - «Այսօր պետք է փաստերը ամբողջությամբ հավաքվի: Ես վստահ եմ, որ եթե այդ ֆոնը ունենանք, արդեն մենք կունենանք բարենպաստ, ավելի մոտիկ ճշմարտությանը քննարկումներ միջազգային ատյաններում, որ մեզ սպասվում է: Ես անգամ չեմ բացառում, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում փորձեն այս հարցը նորից արծարծել»:

Սահմանային բախումների պատճառով հետաձգվել է այսօր երեկոյան ընդդիմության, իշխանության և քաղաքացիական հասարակության միջև նախատեսված քննարկումը Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ: Այս տեղեկությունը փոխանցած Լևոն Զուրաբյանը կարծում է, որ հերթական հանդիպման օրը հայտնի կդառնա վաղը․ - «Քանի դեռ շարունակվում են պատերազմական գործողությունները, ես չեմ կարծում, որ իմաստ ունի մենք ունենանք ներքաղաքական որևէ բանավեճ: Ուստիև մենք, խորհրդակցելով և՛ իշխանությունների հետ, և՛ քաղաքացիական հասարակության հետ, որոշել ենք հետաձգել հանդիպումը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG