Միացյալ Նահանգների դեսպանատնից «Ազատության» հարցմանն ի պատասխան հիշեցրին Պետքարտուղար Ջոն Քերրիի օրեր առաջ արած հայտարարությունը, որով ԱՄՆ-ը խստորեն «դատապարտում է հրադադարի լայնածավալ խախտումները ղարաբաղյան շփման գծի երկայնքով» և կոչ է անում կողմերին հանդես բերել զսպվածություն:
Հայաստանի ռազմավական դաշնակից Ռուսաստանի դեսպանատնից տեղեկացանք, որ այս թեմայով մեր հարցերին կարող են պատասխանել միայն հաջորդ շաբաթ:
«Եվրամիության առաջնահերթությունը խաղաղ գործընթաց սկսել է», - «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին: - «Բոլոր հնարավոր քայլերն անում ենք: Կարծում եմ, մենք պետք է դադարեցնենք ռազմական գործողությունները, բախումները և սկսենք արդյունավետ խաղաղ գործընթաց: Սա է առաջնահերթությունը նաև Եվրամիության համար»։
Ֆրանսիայի դեսպանատունն իր կայքում տեղադրել է նախագահ Օլանդի հայտարարությունը, որով նա կողմերին զսպվածության և «հրադադարի անհապաղ, լիակատար ու տևական պահպանման կոչ է անում»։
ՄԵծ Բրիտանիայի դեսպանատունը ևս «Ազատության» հարցմանն ի պատասխան հղում արեց երկրի՝ Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հայտարարությանը, որտեղ բարձրաստիճան պաշտոնյան նշել է, թե չափազանց մտահոգված է հակամարտության գոտում բախումների աճի և դրանց արդյունքում մարդկային կորուստների առնչությամբ։ Նա Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել «գործել կառուցողական և ինտենսիվ՝ Մինսկի խմբի միջոցով խաղաղ կարգավորման հասնելու համար»։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գծով Հայաստանի գործընկերներ Ղազախստանի և Բելառուսի դեսպանությունների համապաստախան աշխատակիցների հետ այդպես էլ չհաջողվեց կապ հաստատել: Վերջին օրերին հայտարարություններով նրանք հանդես չեն եկել։
Հայաստանի հարևան Իրանի դեսպանությունից «Ազատության» հարցմանն ի պատասխան հիշեցրին արտգործնախարար Զարիֆի և Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի վերջին հեռախոսազրույցը, որի ընթացքում Զարիֆը կարևորել էր Լեռնային Ղարաբաղում հակամարտության դադարեցումն ու խաղաղության հաստատումը՝ շեշտելով, որ Իրանը պատրաստ է դերակատարում ունենալ ղարաբաղյան խնդրում, եթե կողմերը հետաքրքրված են: