Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը զգուշացնում է «անձամբ Հասանովին և նրա «գերագույնին»


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության շենքը Ստեփանակերտում

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում շարունակվում են մարտական գործողությունները, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված «ТОС 1» տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն ի օգուտ իրեն», - ասված է հաղորդագրությունում:

Հակադարձելով «Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով», Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը զգուշացնում է «անձամբ [Ադրբեջանի պաշտպանության նախարար] Հասանովին և նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ»:

Նշենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ըստ տեղական լրատվամիջոցների, «հրահանգել է զինված ուժերի բոլոր տեսակներին, այդ թվում՝ հրթիռահրետանային զորքերին, պատրաստ լինել կործանիչ հարված հասցնելու Խանքենդիին [Ստեփանակերտին] և օկուպացված մյուս բնակավայրերին՝ Ադրբեջանի ԶՈւ տրամադրության տակ գտնվող ծանր սպառազինության կիրառմամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG