Մատչելիության հղումներ

Տավուշի մարզում զինվոր է վիրավորվել


Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել նաև Հայաստանի սահմանին՝ Տավուշի մարզի Բերդ քաղաքի սահմանապահ դիրքերում։ Պաշտպանության նախարարությունից հաստատում են այս լուրը, նշելով, որ վիրավոր զինվորը Բերդի բնակիչ է, տեղափոխվել է նույն քաղաքի հոսպիտալ։ Ըստ պաշտոնական աղբյուրների, վիրավորն արդեն վիրահատվել է, վիճակը գնահատվում է ծանր։

Միաժամանակ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պնդում է, որ Հայաստանի սահմանամերձ գոտիներում լայնածավալ ռազմական գործողություններ չկան, չնայած կրակոցներ պարբերաբար հնչում են։

Դեռ երեկվանից Տավուշի սահմանամերձ գյուղերի համայնքապետերը զգոնության կոչ էին արել բնակիչներին, զգուշացնելով, որ հակառակորդը սահմանի երկայնքով դիպուկահարներ է տեղակայել։

«Զգուշացնում ենք, որ չմոտենան ջրամբարին, դիպուկահարներ կան: Բայց որ ասենք՝ խուճապ չկա մեր գյուղում, չկա հաստատ: Մտավախություն կա, ավելի ճիշտ՝ անհանգստություն կա: Մնացածը՝ նորմալ, առօրյա կյանքով է ժողովուրդը զբաղվում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:

Բերքաբերցիներն ասում են՝ դիրքերում հնչող կրակոցների ձայներն իրենց էլ են հասնում, բայց դրանք արդեն սովորականի պես են ընդունում։

«Լարվածությունը ընդեղ որ մեծանում ա, նույն լարվածությունը ստեղ էլ ա լինում։ Հլա ստեղ վտանգը կարող ա ավելի մեծ լինի՝ սահմանի երկարությունը ավելի մեծ ա։ Հլա տեսեք քանի կիլոմետր ա», - պատմում էին գյուղացիները:

Բերքաբերի դպրոցներում աշակերտների թիվը, սակայն, այսօր կիսով չափ նվազել էր։ Բերքաբերի դպրոցի ուսուցչուհի Անի Արզումանյանի դասարանի 5 աշակերտից միայն 2-ն էին ներկա։

«Իհարկե, մենք հորդորում ենք, որ դասի գան, չբացակայեն, բայց ստիպողական ոչինչ չենք կարող անել», - ասաց ուսուցչուհին:

Բերքաբերցի Իրինա Ոսկանյանը 7 երեխա ունի։ Կեսօրից հետո ամուսնու և երեխաների հետ դաշտից էին վերադառնում։ Բազմանդամ ընտանիքն անհանգիստ է։ Երեկվա կրակոցներն ու Ղարաբաղից ստացվող տագնապալի լուրերը ստիպել են կարգի բերել խարխլված նկուղը։ Միգուցե այս գիշեր դրա կարիքն ունենան։

Մի քիչ հեռու՝ Կոթիի 200 աշակերտ ունեցող դպրոցի տնօրեն Մուշեղ Սիրադեղյանն ասաց՝ անգամ դաշտերում աշխատանքները չեն կանգնեցրել։ Կյանքը նորմալ հունով ընթանում է, սակայն Կոթիում էլ դպրոցականների կեսից ավելին այսօր դպրոց չէր գնացել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG