Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել է, որ առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել:
«Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել», - գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ այս գիշեր ևս ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը, իսկ առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով:
«Ադրբեջանական բանակը կիրառում է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր: Հակառակորդի ագրեսիվ գործողությունները ճնշելու ուղղությամբ ՊԲ առաջապահ ուժերը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները և վստահաբար իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրները», - ասված էր ԼՂ ՊՆ հաղորդագրությունում:
Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով կտրուկ սրվել է, սկսվել են բախումներ, որոնք շարունակվում են մինչև օրս: Երկու կողմերից հաղորդվում են կորուստների մասին, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: