Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, թե Թուրքիան մինչև վերջ կաջակցի Ադրբեջանին և վերջին բախումների համար մեղադրել է Մինսկի Խմբի համանախագահներին:
«Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Վաշինգտոնում մասնակցելով նորակառույց մզկիթի բացմանը՝ Էրդողանն ասել է, թե Թուրքիայի աղոթքները ադրբեջանցի զինվորների ընտանիքների հետ են, որոնք վերջին երկու օրերին զոհվեցին հայկական ուժերի հետ մարտերում:
«Լեռնային Ղարաբաղի համար պայքարը, որը շատ տարիներ օկուպացված է, Մինսկի Խմբի անկարողության հետևանք է: Եթե Մինսկի Խումբը արդարացի և վճռական քայլեր կատարեր, այս միջադեպը չէր լինի»,- հայտարարել է Էրդողանը:
Նա ասել է, որ Թուրքիան միչև վերջ կաջակցի Ադրբեջանին, հավելելով որ նա այդ հարցը բարձրացրել է Վաշինգտոնում անցկացված միջուկային անվտանգության հարցերով գագաթաժողովում: «Ես աշխարհին հորդորել եմ ուշադիր լինել Հայաստանի վատ մտադրությունների հանդեպ»,-ասել է Էրդողանը:
Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն շաբաթ երեկոյան թվիթերի իր էջում գրել է, որ զանգահարել է Ադրբեջանի գործընկերոջը և ցավակցություն հայտնել ադրբեջանցի զոհված զինվորների համար: