Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ ընթանում են թեժ մարտեր, հաղորդում է Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:
Հաղորդագրության համաձայն՝ լուսադեմին հակառակորդի կողմից ձեռնարկված լայնածավալ հրետակոծությանն ի պատասխան, Պաշտպանության բանակի ստորաբաժանումները անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: «Թշնամին զգալի կորուստներ կրելով հետ է շպրտվել: Մարտական գործողությունների ժամանակ ղարաբաղյան կողմից վիրավորվել է երկու զինծառայող», - փոխանցում է Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը:
«Ղարաբաղյան ուժերի գործողությունները հաջող են ընթանում նաև մարտագծի հարավային հատվածում: Այս ուղղությամբ դիմագրավելով հակառակորդի հրթիռահրետանային ու զրահատանկային հարձակումներին, հարավային թևում գործող ՊԲ ստորաբաժանումները շարքից հանել են թշնամական 2 տանկ և 1 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ)», - հաղորդում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը՝ խոստանալով դեպքերի զարգացման ընթացքին անդրադառնալ առաջիկա հաղորդագրություններում: