Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում թուրք-ամերիկյան մշակութային կենտրոնի բացման ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի մի լրագրողի հարցին, անդրադարձել է հայ-ադրբեջանական շփման գծում ընթացող մարտերին: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը:
«Ցավոք, տարիներ շարունակ օկուպացիայի տակ գտնվող Լեռնային Ղարաբաղում ընթացող պայքարը Մինսկի խմբի կողմից լուրջ չի ընդունվել, այդ պատճառով էլ այսօր նման պատկերի ենք ականատես դառնում: Եթե Մինսկի խումբը այս հարցում արդարացի, վճռական կերպով գործեր և արդյունավետ քայլեր ձեռնարկեր, այս օրին չէին հասնի: Սակայն, ցավոք, Մինսկի խմբի թուլության հետևանքով իրավիճակը այս կետին է հասել: Մեր ադրբենջացի եղբայրների համար Ալլահից օգնություն եմ խնդրում»,- ասել է Էրդողանը:
Պատասխանելով ստեղծված իրավիճակում Թուրքիայից Ադրբեջանի ակնկալած աջակցության մասին հարցին` Էրդողանը ասել է.- «Մենք մինչև վերջ շարունակելու ենք հնարավորինս աջակցել Ադրբեջանին»:
«Անադոլու» գործակալության հաղորդմամբ` Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկերոջ հետ` ցավակցություն հայտնելով «ճակատային գծում» մարտերի ընթացքում զինծառայողների զոհվելու կապակցությամբ: Թայիփ Էրդողանը իր աջակցությունն է հայտնել Իլհամ Ալիևին` ընդգծելով, որ «թուրք ժողովուրդը մշտապես կանգնած է ադրբեջանցի ժողովրդի կողքին»:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ևս հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակցի` Էլմար Մամեդյարովի հետ և հայտնել իր ցավակցությունները:
Թուրքիայի ԱԳՆ-ը տարածած հաղորդագրությամբ հայկական կողմին կոչ է արել «պահպանել զինադադարի ռեժիմը և անմիջապես դադարեցնել մարտերը»: Թուրքական արտաքին գերատեսչությունը, հետելով պաշտոնական Բաքվի հռետորաբանությանը, Հայաստանին մեղադրել է «բախումներ հրահրելու» մեջ: